Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը Կառավարության այսօրվա նիստին վարչապետին զեկուցեց, թե «Հայփոստի» առաջ մարդկանց կուտակումներից զերծ պահելու մասով ինչ աշխատանքներ են կատարվել:
Նախարարը նշեց, որ կուտակումներ են առաջացել այն բաժանմունքներում, որտեղ 1000-ից ավելի թոշակառուների սպասարկում է իրականացվում: Արշակյանը նշեց, որ «Հայփոստի» բոլոր բաժանմունքների վրա խնդիր է դրվել՝ դրսում հերթը կառավարել, վերահսկել:
«Երեկ օրվա երկրորդ կեսին մենք արդեն դրական տեղաշարժ ունեինք այս առումով: Նախ գծանշվել են մեծ փոստային բաժանմունքների դիմացի հատվածները: Այսօր աշխատանքները շարունակվում են, և օրվա վերջում մեծ մասամբ կունենանք գծանշումները, որոնք սոցիալական հեռավորության պահպանման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն»,- նշեց Արշակյանը:
Նախարարը հայտնեց, որ երեկ պարետը որոշում է կայացրել այս ամիս ևս թոշակները փոստատարների միջոցով առաքել թոշակառուների տներ:
Նախարարը հիշեցրեց, որ ԱԺ-ում է օրինագիծ, որը մյուս տարվա հուլիսից պարտադիր է դարձնում կենսաթոշակների էլեկտրոնային բաշխումը: