Կառավարության այսօրվա նիստը մեկնարկեց վարչապետի հեռավար միացմամբ: Վարչապետը նախ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց ներկայացնել իրավիճակը:
Արսեն Թորոսյանը նշեց, որ վերջին տվյալներով կրկին ռեկորդ է գրանցվել՝ 697 նոր դեպք: Ընդհանուր դեպքերի թիվն էլ հատել է 11 հազարի շեմը: Մահվան դեպք է գրանցվել, ընդհանուր՝ 176:
«Կարող եմ ասել, որ ծանր և ծայրահեղ ծանր քաղաքացիների թիվը մնում է մոտավորապես նույնը: Ծանր է 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59, թոքերի օդափոխման սարքին է միացված 15 հոգի: Նաև կա մի վտանգավոր տենդենց. նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական հիմնարկություններում, ինչը մեր իսկ փորձով ցույց է տալիս, որ հնարավոր է մեծ բռնկում, որովհետև մարտի սկզբին արձանագրված օջախներից մեկի պատճառով է, որ վարակը շատ արագ տարածվեց երկրում՝ կրկին արտադրամասից, ու հնարավոր է, որ նույն սցենարը ունենանք»,- նշեց Թորոսյանը՝ հավելելով, որ շատ կարևոր է կանոնները պահպանել հիմնարկներում:
Նախարարը նշեց, որ արձանագրված դեպքերի 15-20 տոկոսը կարիք է ունենում հոսպիտալացման, և միայն մյուսներն են, որ տանն են բուժվում:
«Շատ կարևոր է, որ դեպքերի էական անկում ապահովենք, որ կարողանանք շարունակել պրոցեսը, այսինքն՝ որևէ մեկին առանց բուժօգնության չթողնենք»,- նշեց նախարարը:
Վարչապետը հավելեց՝ մեր խնդիրն է այնպես անել, որ առողջապահության համակարգը կարողանա սպասարկել բոլոր հիվանդներին: Փաշինյանը հավելեց, որ խնդիրը, որը կա, ոչ թե առողջապահական համակարգի մեջ է, այլ հակահամաճարակային կանոնների չպահպանման մեջ է:
«Վերջին օրերի մեր մոնիթորինգը ցույց է տալիս, որ հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում: Մենք ունենք ռիսկային գոտիներ, որոնցից մեկը մեր բանկային համակարգն է»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ մարդկանց հոսքը չի կառավարվում: