ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ այսօր գրանցված կորոնավիրուսով վարակման ռեկորդային ցուցանիշին: Սիմոնյանը նշեց, որ հանրության մի զանգված կա, որի մոտ մինչ օրս անլուրջ վերաբերմունք է նկատվում վիրուսի հանդեպ:
«Ես այստեղ եմ եկել ոտքով: Տարիքով կանանց խնդրում եմ, ասում եմ՝ դիմակ դրեք, ասում է՝ ես հիվանդ չեմ, ինձ բան չի լինի: Մենք ընկալման խնդիր ունենք: Կարծում եմ՝ ինչ կառավարություն էլ, ինչ երկիր էլ լինի, եթե այս շատ առանձնահատուկ իրավիճակում մենք չկարողանանք այդ գիտակցությունը մարդկանց հետ քննարկել և նրանց հասցնել, որևէ մեկը որևէ բան չի կարող անել, եթե նույնիսկ զորք մտցնես»,- նշեց Սիմոնյանը:
ԱԺ փոխնախագահը հավելեց, որ այսօր յուրաքանչյուրը պետք է զբաղվի հետևելով, որ պահպանվեն անվտանգության կանոնները, հորդորի դիմակ կրել, ախտահանել ձեռքերը և այլն:
Սիմոնյանը նշեց, որ ուղղակի խիստ կարանտին մեզ թույլ տալ չենք կարող:
«Արդեն երկար ժամանակ ընտրությունը ֆինանսապես մարդուն ծայրահեղ ծանր վիճակի մեջ դնելու և հիվանդության առումով ծայրահեղ վիճակի մեջ դնելու միջև է: Այո՛, երկու քարի արանքում որոշում կայացնելու մեջ է հարցը, և չենք կարող խիստ սահմանափակումներ իրականացնել»,- նշեց ԱԺ փոխնախագահը: