Խորհրդարանում շարունակվում է արտահերթ նիստը։ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Նարեկ Զեյնալյանի ներկայացրած «Ժամանակավոր անաշխատունակության և մայրության նպաստների մասին» օրենքում փոփոխությունների նախագծի երկրորդ ընթերցմամբ քննարկման ժամանակ առաջարկվեց նախագծի համար դադար վերցնել։
Զեյնալյանը տեղեկացրեց, որ կառավարությունը գաղափարին դեմ չէ, բայց առաջարկվել է մի քանի օր դադար վերցնել՝ որոշակի հավելյալ հաշվարկներ ու կանխատեսումներ կատարելու համար։
«Թեև հանձնաժողովը ևս դրական եզրակացություն է տվել, ես հիմա կառաջարկեմ, որ դեմ քվեարկեք, և «Ազգային ժողովի կանոնակարգ» օրենքի 83-րդ հոդվածի հիմքով տեղափոխենք առաջարկությունների ներկայացման փուլ։ Որոշակի ժամանակահատված՝ մեկ շաբաթ կամ 10 օր դադար վերցնենք, որպեսզի կարողանանք նաև կանխատեսումներ ունենալ և հիմնավորումներն ավելի հստակեցնել»։
Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է սահմանել մեկուսացման նպաստ այն վարձու աշխատողների կամ ինքնուրույնաբար իրենց աշխատանքը կազմակերպած անձանց, որոնք մեկուսացվել կամ ինքնամեկուսացվել են: