Անդրադառնալով երեկ «Մեյմանդարի» շուկան 24 ժամով փակելու որոշման դեմ երեկվա բողոքի ակցիաներին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեղեկացրել է, որ գիշերը հատուկ ոստիկանական գործողություն է իրականացվել: Շուրջ 3 տասնյակ մարդ բերման է ենթարկվել: Քրեական գործ է հարուցվել:
«Պատասխան տվողներ կլինեն: Բայց այն, ինչ մենք այնտեղ արել ենք ու անում ենք, ընդամենը ասում ենք՝ կանոնները պահեք, որ չմահանանք մենք, մեր հարազատները, մեր ծնողները»,- նշեց Փաշինյանը:
Փաշինյանը արձանագրեց, որ համայնքապետարաններից շատերը, փոխանակ պահեն հակահամաճարակաբանական կանոնները, ընդհակառակը, հունիսի 1-ին երեխաների համար միջոցառումներ են կազմակերպել:
«Մեղավորների փնտրտուքը անիմաստ գործ է: Եթե մեղավոր է ժողովուրդը, մեղավոր է նաև կառավարությունը: Սա այն կառավարությունը չէ, որ անմասն լինի ժողովրդի մեղքից: Եվ եթե մեղավոր է կառավարությունը, մեղավոր է նաև ժողովուրդը, քանի որ ժողովուրդն է այս կառավարությանը բերել իշխանության կանոնով, որ մենք մի մարմին ենք, մի ամբողջություն ենք, մեզ հնարավոր չէ տարանջատել: Մի ամբողջություն ենք. լավ ենք, վատ ենք՝ էս ենք: Ես համոզված եմ, որ մենք լավ ենք»,- նշեց վարչապետը՝ հավելելով, որ վախի մթնոլորտն անցել է, հաղթահարվել է, բայց ազատությունը սկսել ենք մեր պետական ու ազգային շահի դեմ օգտագործել:
Վարչապետը խոսեց նաև Վանաձորի «Գլորիա» կարի ֆաբրկայի աշխատակիցներին տեղափոխող ավտոբուսի լուսանկարի մասին, որում ևս պահպանված չէին հակահամաճարակային կանոնները: Նրա խոսքով՝ արդեն 36 վարակված կա արտադրամասում:
«Չորս-հինգ անգամ ստուգում են իրականացրել, զգուշացրել են, հետո՞, ինչ անենք, ծեծե՞նք: Ո՞ւմ ծեծենք, ինչի՞ համար ծեծենք, որ մարդ իր կյանքին լուրջ չի՞ վերաբերվում: Մի մարդու հարց է: Ընդամենը մեկ մարդ պետք է էս հարցին լուրջ վերաբերվի, և այդ մեկ մարդը դու ես»,- կոչ արեց վարչապետը: