Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում անդրադարձել է Արցախում նախագահ Արայիկ Հարությունյանի երդմնակալությանը հաջորդած ճաշկերույթին, որում իրենք առանց դիմակների էին: Փաշինյանը հիշեցրեց՝ դա տեղի է ունեցել Արցախում հաստատված իրավական կարգավորումների շրջանակում:
«Մենք հիմա, որ խոսում ենք բանկերի կուտակումների մասին, խոսում ենք ոչ թե ճաշակի, այլ կարգը, կանոնը, օրենքը խախտելու մասին: Արցախում ոչ մի օրենք չի խախտվել: Այնտեղ օրենքի խախտման մասին մեկ ադրբեջանցիք են արձագանքում, մեկ էլ ինչ-որ շրջանակներ: Պետք է հասկանանք, որ առողջապահական խնդիր չի սա, քանի որ առողջապահական գերատեսչությունն ինչ կարողանում՝ անում է, դեռ մի բան էլ ավել»,- նշեց վարչապետը:
Ինչ վերաբերում է Հայաստանում հակահամաճարակային կանոնների պահպանմանը՜ վարչապետը հիշեցրեց. «Ես որ հեղափոխությամբ վարչապետ եմ դարձել, հիմա պետք է սպեցնազը հանեմ, ծեծ ու ջա՞րդ անեմ, որ կարգ ու կանոնը պահեն: Ես ո՞նց անեմ նման բան: Ես սովոր չեմ, ես հաղորդակցության այլ կուլտուրայով եմ եկել: Մենք խոսել ենք, պայմանավորվել ենք ու արել ենք»:
Վարչապետը հիշեցրեց՝ երկրում մեծ փոփոխություններ կատարվեցին ընդամենը իրար խնդրելով, իրար ընդառաջելով, իրար բացատրելով, հարգելով:
«Հիմա ի՞նչ. դա փոխարինենք մահակներո՞վ: Դա իմը չի: Այդպես կարելի է վարվել հանցավոր շրջանակների հետ, բայց սեփական ժողովրդի հետ մենք ո՞նց էդպես վարվենք»,- նշեց վարչապետը: