ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նշեց, որ այս միջոցառումներն ու կարգուկանոն պահելու կոչերը պետք է արվեին դեռ մարտին, ինչպես իրենց խմբակցությունն էր այն ժամանակ նշել: Երկու ամսվա սցենարը չի աշխատել՝ նշեց Մելքումյանը:
«Եթե էսպես շարունակվի, մենք հետ ենք գնալու, փակենք նորից տնտեսությունը. դա արդեն սարսափելի հետևանենքր է ունենալու: Մենք պահը կորցրել ենք: Հիմա պետք է մենեջմենթի արմատական փոփոխություն կատարվի, որովհետև տեսնում ենք, որ դա չի աշխատում: Եթե կա սցենար և նախարարները ժրաջան իրենց ֆունկցիան կատարել են, նշանակում է՝ սցենարն է սխալ, իսկ եթե չեն կատարում, այդ ոչ պատասխանատու գերատեսչության ղեկավարներին պետք է պատասխանատվության ենթարկել շատ արագ: Կա՛մ՝ մեկը, կա՛մ՝ մյուսը. այլ տարբերակ չկա»,- նշեց Մելքումյանը:
Պատգամավորը նշեց, որ երկու սցենար կա. մեկը առողջապահական անվտանգության, մյուսը՝ սոցիալ-տնտեսական: Քաղաքացիների՝ կանոններին չենթարկվելու առումով Մելքումյանը համաձայն չէր:
«Մեր քաղաքացիներին որ ասում ենք՝ ամրագոտի գցեք, չեն գցել, որ հիմա ասում են՝ դիմակ դրեք, չեն դնում: Պետք է կոշտ միջոցառումներն ավելի շուտ արվեին»,- նշեց պատգամավորը: