Ինչպես արդեն հայտնի է, երեկ երեկոյան Արմավիրի մարզի Մերձավան գյուղում տեղի է ունեցել արտակարգ պատահար. ոչ հեռու գտնվող խոզաբուծական համալիրի կողմից վնասվել է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի ջրագիծը, ինչի պատճառով գյուղի ջրամատակարարման համակարգ էին ներթափանցել կեղտաջրեր:
Ձեռնարկված միջոցների շնորհիվ գյուղի մեծ մասն արդեն ապահովվել է ջրով՝ այլընտրանքային խողովակաշարի միջոցով: Մյուս մասի ջրամատակարարման կարգավորման ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են, տեղեկացնում են «Վեոլիա Ջուր» ընկերությունից։
Իսկ մինչ այդ ընկերությունը բնակիչներին խմելու ջուր կմատակարարի ավտոցիստեռնով՝ շրջիկ եղանակով: «Վեոլիա Ջուրը», հոգալով բնակիչների առողջության մասին, կոչ է անում մատակարարվող ջուրն առայժմ օգտագործել բացառապես տեխնիկական նպատակներով, մինչև կլինեն լաբորատոր հետազոտությունների վերջնական արդյունքները։
Բացի դրանից՝ հոգալով սպառողների առողջության և անվտանգության մասին՝ «Վեոլիա Ջուրը» արտակարգ պատահարի մասին տեղեկացրել է նաև ՀՀ առողջապահության նախարարությանը, ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությանը և այլ շահագրգիռ կառույցների։
Միաժամանակ, ստեղծված իրավիճակում, բացառելու համար ջրի անարդյունավետ ծախսի պատճառով բաժանորդների կողմից որևէ ֆինանսական կորուստ, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ն որոշում է ընդունել չեղարկել նրանց 5 օրվա ջրի միջին ծախսը:
«Վեոլիա Ջուրը» ձեռնարկում է օրենսդրությամբ նախատեսված քայլեր՝ մեղավոր կողմին իրավական պատասխանատվության ենթարկելու համար։