Ոստիկանության բոլոր ստորաբաժանումները ներգրավված են հակահամաճարակային գործընթացում և իրականացնում ու իրականացնելու են կոնկրետ միջոցառումներ, այսպես կոչված ռեյդեր: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց ոստիկանության պետ Արման Սարգսյանը:
Նա նշեց, որ Երևանի տարբեր վարչական շրջաններում ոստիկանությունն ամենօրյա ռեժիմով, փոխգործակցելով տեսչական մարմինների հետ, ստուգում է քաղաքացիների վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների գործունեությունը: Ա.Սարգսյանը նշեց, որ ստուգումներն իրականացվում են հանկարծակիության սկզբունքով:
Ոստիկանապետն ասաց, որ արտակարգ դրության հայտարարումից հետո ոստիկանությունը կազմել է վարչական իրավախախտման 20 742 արձանագրություն, երեկ 931 վարչական արձանագրություն՝ հիմնականում քաղաքացիների, վարորդների և ուղևորների կողմից դիմակ չկրելու հանգամանքով:
Ա.Սարգսյանը կոչ արեց բոլոր տնտեսվարողներին՝ կատարել պարետատան սահմանած պահանջները և չփորձել հակադրվել համոզման մեթոդին և չկրկնել «Մեյմանդարի» շուկայում երեկ տեղի ունեցած գործողությունները: