Քննչական կոմիտեի տեղեկատվության բաժնից հաղորդում են, որ 2020 թ. հունիսի 3-ին` տարբեր ժամերի, Թալինի բժշկական կենտրոնից ահազանգեր են ստացվել, որ ձախ կրծքավանդակի ծակած-կտրած վերք, կրծքավանդակի աջ կեսի կտրած-ծակած վերք և որովայնի առաջնային պատի կտրած-ծակած վերք, աջ ծնկի կտրած վերք մարմնական վնասվածքներով բուժօգնության է տեղափոխվել Արագածավան գյուղի 3 բնակիչ:
Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության Թալինի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի (դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը) 2-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել է քննչական խմբին:
Կատարվել են մի շարք քննչական գործողություններ, այդ թվում՝ դեպքի վայրի զննություն, որի ընթացքում հայտնաբերվել են արյան հետքեր, առգրավվել են տուժողների հագուստները, հարցաքննվել են մի շարք անձինք: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ:
Քրեական գործով իրականացված քննչական և դատավարական գործողությունների, ինչպես նաև օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ մեքենայով վազանց կատարելու հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում Արագածավան գյուղի 3 բնակիչներին դանակահարել է 21-ամյա համագյուղացին:
Ձեռնարկվում են անհետաձգելի քննչական և այլ դատավարական գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու, առերևույթ հանցագործություն կատարած անձին հայտնաբերելու և վարույթն իրականացնող մարմնին ներկայացնելու ուղղությամբ:
Նախաքննությունը շարունակվում է:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: