Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ հունիսի 2-ին տեղի ունեցավ ԵԱՀԿ աջակցությամբ ստեղծված՝ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի խորհրդատվական մարմին հանդիսացող՝ Անվտանգության ոլորտի նկատմամբ ժողովրդավարական վերահսկողության ազգային հարթակի առցանց աշխատանքային հանդիպումը, որին մասնակցում էին ՀՀ պետական գերատեսչությունների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, ինչպես նաև ԵԱՀԿ և ԵՄ փորձագետներ:
«Այսօրվա ոչ ստանդարտ հանդիպումը վկայում է, որ հարթակն իր առջև դրված աշխատանքների և ծրագրերի իրականացման ճանապարհին է: Առաջիկայում Հարթակը հսկայական անելիք ունի: Ակնհայտ է, որ անվտանգության ոլորտում պետության առջև դրված մի շարք խնդիրների իրականացման համար անհրաժեշտ է մասնագիտական ներուժ, քաղաքացիական հասարակության կազմակերպությունների համապատասխան ներգրավվածություն, որի իրականացման գործում անգնահատելի է հարթակի դերը»,- նշեց Պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։
Տեսակոնֆերանսի ընթացքում հաստատվեց հարթակի 2020-2021թթ․ աշխատանքային ծրագիրը։
Անդրադառնալով օրակարգի 2-րդ հարցին՝ Անդրանիկ Քոչարյանը նշեց, որ սույն թվականի հունիսի 1-ի հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել և դրական եզրակացություն է տրվել Կառավարության հեղինակած՝ «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթին, որը ենթադրում է կադրային բարձր պատրաստվածություն և կրթական բարեփոխումներ, ինչը հնարավորություն է տալիս ունենալ ավելի որակյալ համակարգ: Ոստիկանության բարեփոխումների ռազմավարության վերաբերյալ իրենց դիտարկումներն ու վերլուծությունները ներկայացրին միջազգային փորձագետներ Կեստուտուս Լանցիկուսը (ԵՄ) և Սուսաննա Նալթակյանը (ԵԱՀԿ):
Հանդիպման ավարտին որոշվեց ձևավորել համապատասխան ուղղություններով աշխատանքային խմբեր՝ տեղեկացնում է ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը։