ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Ֆեյսբուքի ուղիղ եթերում տեղեկացրել է, որ այս օրերին դպրոցներում կատարվում է գրքերի և ատեստատների հանձնում, բայց՝ արտակարգ դրության ռեժիմի սահմանած բոլոր կանոններով:
Նախարարը նաև հայտնեց, որ իր տեղեկություններով՝ որոշ դպրոցներում այսօր կուտակումներ են եղել:
«Սա ուղիղ տնօրենների պատասխանատվությունն է: եթե այսպիսի կուտակումներ կան ձեր բակերում կամ դպրոցներում, ապա հրահանգում եմ՝ այդ բոլոր կուտակումներին վերջ տրվի: Հենց հիմա բոլոր տնօրենները պետք է այդ կուտակումներին վերջ տան»,- նշեց նախարարն ու հավելեց, որ իրենք էլ գնալու են այդ կուտակումների հետքերով:
Նախարարը նշեց, որ պետք է գրքերն ու ատեստատները հանձնելու կարգ ու ժամանակացույց սահմանել, որպեսզի չառաջանան կուտակումներ:
Անդրադառնալով դպրոցի ավարտական դասարանի աշակերտների կուտակման մասին փաստող լուսանկարին, որ հրապարակել էր վարչապետ Փաշինյանը, նախարարը հիշեցրեց՝ Կառավարության վերջին նիստում զգուշացրել են զերծ մնալ նման միջոցառումներ կազմակերպելուց: Արայիկ Հարությունյանը հիշեցրեց, որ այդ ամենի պատասխանատվությունը կրելու են տնօրենները: