Խորհրդարանը քվեարկեց քննարկած նախագծերը: «Լուսավոր Հայաստանի» ներկայացրած՝ «ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց 83 կողմ, 3 դեմ և 7 ձեռնպահ ձայներով:
Քվեարկության դրվեց նաև «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած՝ «ԱԺ կաոնոնակարգ սահմանադրական օրենքում փոփոխություն կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին» հարցը:
«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը վարման կարգով նշեց, որ նիստերը նախատեսված են ոչ միայն օրենսդրական նախաձեռնություններ քննարկելու, այլև սահմանադրական մարմիններում ներկայացված թեկնածուներին ընտրելու համար, և, իրենց խմբակցության կարծիքով, հերթական նիստերը հերիք են, արտահերթի անհրաժեշտություն չկա, ուստի իրենց խմբակցությունը «դեմ է քվեարկելու»:
Քանի որ օրենքների փաթեթը ներառում է սահմանադրական օրենքներ, այն կարող է ընդունվել պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն 3/5-ով:
Նախագիծն ընդունվեց 81 կողմ և 19 դեմ ձայներով:
Հիշեցնենք, որ նախագիծը ներկայացնելիս պատգամավորը նշել էր, որ այս օրենսդրական փաթեթով առաջարկվում է փոխել Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորների ընտրության կանոններն ու կարգը: Հովակիմյանը նշեց նաև, որ նախագծով խորհրդարանին հնարավորություն է տրվում անհրաժեշտության դեպքում արտահերթ նիստի ընթացքում կազմակերպել Սահմանադրական դատարանի դատավորների ընտրությունը: