62 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ պետական և քաղաքական գործիչ Արմեն Խաչատրյանը, ով իր բազմամյա գործունեությամբ և հարուստ փորձով նշանակալի ներդրում է ունեցել նորանկախ Հայաստանի պետական տարբեր մարմինների կայացման գործում։
Արմեն Խաչատրյանը ծնվել է 1957թ., Երևանում։ 1978թ. ավարտել է Խաչատուր Աբովյանի անվան Երևանի մանկավարժական ինստիտուտի բանասիրական ֆակուլտետը։
1999 թվականից ներգրավվել է խորհրդարանական գործունեության մեջ։ 1999թ. հանդիսացել է ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ։ 1999-2003թթ. եղել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ, ՀՀ անվտանգության խորհրդի անդամ, ինչպես նաև՝ ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարական վեհաժողովի խորհրդի անդամ։
2003-2010թթ. Արմեն Խաչատրյանը եղել է ՀՀ դեսպանը Ուկրաինայում, իսկ 2004-2016թթ.՝ համատեղության կարգով Մոլդովայի Հանրապետությունում։ 2010-2017թթ. հանդիսացել է Բելառուսի Հանրապետությունում ՀՀ դեսպան, ԱՊՀ կանոնադրական և այլ մարմիններում ՀՀ մշտական լիազոր ներկայացուցիչ։ 2017-2019թթ. զբաղեցրել է ՀՀ ԱԳ նախարարի, իսկ 2019թ.-ից՝ ՀՀ ԱԳՆ քարտուղարության խորհրդականի պաշտոնը:
Արժանացել է մի շարք պետական և միջազգային պարգևների։
«Գործընկերների հարգանքը և հարազատների սերը վայելող Արմեն Խաչատրյանի հիշատակը միշտ վառ կմնա մեր հիշողություններում։
Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում պարոն Խաչատրյանի ընտանիքին և բոլոր նրանց, ովքեր սգում են նրա կորուստը»,- հայտնում են ԱԳՆ-ից։