Կորոնավիրուսի իրավիճակը Հայաստանում շարունակում է լարվել: Երեկ 516 նոր դեպք ենք ունեցել, և այս թիվը ինձ համար հասկանալի չէր, քանի որ մենք մի քանի անգամ քննել ենք պարետատան սահմանած հակահամաճարակային կանոնները, որոնց պահպանումը պետք է բերեր նոր դեպքերի էական նվազման: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Պատճառների մասին պետմարմինների զեկույցները ինձ չէին բավարարում, և ես դիմեցի հանրությանը, որ ֆեյսբուքյան օգտատերերը բարձրաձայնեն կանոնների չպահպանման դեպքերի մասին: Եվ այս գործընթացում բացահայտվեց մի հրեշավոր իրականություն, այն է՝ ՀՀ-ում գործ ունենք հակահամաճարակային կանոնների չպահպանման ահռելի ծավալների հետ:
Այս իրավիճակում առաջին ռեակցիան քննադատության խոսքերն են ոստիկանության հասցեին, բայց իրավիճակի ուսումնասիրության արդյունքում արձանագրեցի, որ գործ ունենք 2018-ի հեղափոխական իրավիճակի հայելային պատկերի հետ: «Կա մի գործողություն, որ որևէ ուժային կառույց չի կարող այդ երևույթի դեմ պայքարել: Եթե մեծամասնության կողմից այդ կանոնները չեն պահպանվում, իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից: Մենք արձանագրեցինք, որ հակահամաճարակային կանոնները չեն պահպանում լայն ծավալներով: Մենք բացահայտեցինք գաղտնի խնջույքներ, հարսանիքներ, վերջին զանգեր և այլ միջոցառումներ, և պարզ էր, որ գործ ունենք կանոնների ապակենտրոն չպահպանման հետ:
Ինչո՞ւ են մարդիկ այսպես անփույթ վերաբերվում հակահամաճարակային կանոններին: Կարծում եմ՝ գտել եմ այդ հարցի պատասխանը:
Որքան էլ զարմանալի թվա՝ 2020-ի առաջին վեց ամիսներին ավելի քիչ մահ է գրանցվել, քան 2019-ին, ավելին՝ 2020-ի մայիսին, նախորդ տարվա համեմատ, 320-ով պակաս մահ է գրանցվել ՀՀ-ում: Այս երևույթի հետևանքն այն է, որ չնայած համաճարակային մեծ աղմուկին, մարդիկ սկսել են ավելի քիչ լսել մահվան դեպքերի մասին: Սա ենթագիտակցական որոշակի ազդեցություն ունենալ չի կարող: Կա երկու պատճառ՝ նախ, կորոնավիրուսը կլանել է սովորաբար տեղի ունեցող մահերը, և այն մարդիկ, որոնք նախորդ տարի մահացել են այլ պատճառներից, այս տարի մահացել են կորոնավիրուսից: Ինչո՞ւ են ավելի քիչ մահացել. քանի որ այս տարի ավելի շատ մարդ է բուժվել ոչ միայն կորոնավիրուսից, նաև այլ հիվանդություններից:
Իհարկե, գործոններից մեկն էլ դժբախտ պատահարներն են. տեղաշարժման սահմանափակումների հետ կապված՝ մահվան թիվը նվազել է: Եվս մեկ գործոն. քանի որ կորոնավիրոսով մահանում են կոնտակտավորների շրջանում, մահվան մասին տեղեկությունը պարփակված է ավելի նեղ շրջանակում»,- ասաց վարչապետը:
Նա շնորհակալություն հայտնեց բոլոր քաղաքացիներին, որոնք մասնակցեցին հանրային վերահսկողության ֆլեշմոբին: «Այսօր մեզ հաջողվեց իրականացնել փոքր մինի-հեղափոխություն, այսօր մենք տեսանք կարգապահության փոքր փոփոխություն: Մտադիր եմ շարունակել այդ գործընթացը, և ամեն օր իմ Ֆեյսբուքի էջում կլինի լայն անդրադարձ այդ խնդրին: Այսպիսով, սկսում ենք հանրային վերահսկողության թիմի ձևավորում: Մենք պետք է ծավալներն այնքան վերահսկելի դարձնենք, որ ոստիկանությունը կարողանա իրականացնել իր աշխատանքը: Եվ կրկին նշեմ՝ ինչու ոստիկանությունը 2018-ին չկարողացավ վերահսկել իրավիճակը, քանի որ քաղաքացիների 90 տոկոսը ներգրավված էր գործընթացին»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը: