ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանy ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում, պատասխանելով զենքի ապօրինի վաճառքի գործում Հայաստանի իշխանությունների մասնակցության մասին հարցին, նշեց, որ «անորակ քաղաքական խաղերում փորձ է արվում ներգրավել նաև Պաշտպանության նախարարությանը»:
«Անփառունակ պաշտոնատար անձը, որը փորձում է հիմա փառասիրաբար օգտագործել այդ փոքր ժամանակահատվածը և տիտղոսը, հայտարարություններ է իրականացնում: Պաշտոնապես ուզում եմ հայտարարել, որ 2018-ից ի վեր որևիցե երրորդ երկրի հետ Հայաստանի մասնակցությամբ, այդ թվում՝ Պաշտպանության նախարարության մասնակցությամբ, որևէ նմանատիպ գործարք տեղի չի ունեցել:
Բացի դրանից՝ խնդրում եմ հաշվի առնել, որ գոյություն ունի «Լիցենզավորման մասին» օրենք, որի 12.1 հոդվածը սահմանում է ռազմական արտադրանքի ներմուծման հետ կապված իրավահարաբերությունները: Այդ օրենքում փոփոխություններ տեղի են ունեցել, երբ Հայաստանի վարկանիշը իջնում էր միջազգային իր գործընկերների մոտ՝ կապված զենքի միջազգային առևտրի հետ:
Դրանից հետո ընդունվել է Կառավարության որոշումը, որը խիստ կանոնակարգել է այդ բոլոր դեպքերը, սպառազինության ցանկն էլ է հաստատվել»,- նշեց Բալայանը՝ հավելելով, որ նման գործարքների մասին հայտարարությունները քաղաքական շահարկումներ են, դատարկ խոսակցություններ են, և նման բան տեղի ունենալ չի կարող:
Նշենք, որ մայիսի 30-ի հերթական տեսաուղերձի ժամանակ Միքայել Մինասյանը հայտարարել էր զենքի ապօրինի վաճառքի գործում Հայաստանի իշխանությունների մասնակցության մասին։ Նրա խոսքով՝ Հայաստանը, արտոնյալ պայմաններով Մոսկվայից զինամթերք և ռազմական տեխնիկա է գնել, այնուհետև դրանք վաճառել երրորդ երկրների: