Ստամբուլի Սկյուտար թաղամասում գտնվող հայկական Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու վրա կատարված հարձակման առթիվ մեկ անձ էր ձերբակալվել՝ գրում է Ermenihaber-ը։ Ստամբուլի գլխավոր հանրապետական դատախազությունից թուրքական լրատվամիջոցներին հայտնել էին, որ «աղոթատեղիներին վնաս պատճառելու» մեղադրանքով հետաքննություն է սկսվել։
Ձերբակալված Մազլում Դ.-ն իր խոստովանական ցուցմունքում հայտնել էր, որ շաքարախտով հիվանդ լինելու պատճառով անաշխատունակ է։ Ինչպես ավելի վաղ տված ցուցմունքներում էր նշել, այդ անգամ նույնպես ասել էր, որ իր հիվանդության ազդեցության տակ է նման կերպ վարվել։
Մազլումը պնդել էր, որ որևէ պատճառ չկա իր կատարած գործողության հետևում և որևէ մեկի կամ կառույցի հետ կապ չի ունեցել։ Նա զղջացել է իր արարքի համար։
Մազլումին կալանավորելու վերաբերյալ դատախազության ներկայացրած պահանջը դատարանը չէր ընդունել, փոխարենը նրան ստորագրությամբ ազատ էր արձակել։ Սակայն հունիսի 1-ին դատախազությունը առարկել է նրան ազատ արձակելու որոշումը և կրկին պահանջ ներկայացրել վերջինիս կալանավորելու համար։
Նշվում է, որ այդ պահանջն ընդունվել է դատարանի կողմից և կրկին ձերբակալվել է Մազլումը։ Դատարանը նրա նկատմամբ կալանավորման որոշում է ընդունել։
Հերթական խոստովանական ցուցմունքում Մազլումն ասել է, որ խաչը տեսնելիս ճնշվել է, անհանգստություն է զգացել և միանգամից պոկել ու ցած է նետել։