Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ քննարկեց «Ոստիկանության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Ոստիկանությունում ծառայության մասին» օրենքների նախագծերի փաթեթը:
Նշենք՝ նախագծով առաջարկվում է մինչև 2021 թվականի առաջին եռամսյակը նախ Երևանում, հետո՝ մարզերում գործարկել «Պարեկային ոստիկանության» ծառայություն: Հիմնական գործառույթը լինելու է հասարակական կարգի պահպանումը:
Արդարադատության նախարարի տեղակալ Քրիստինե Գրիգորյանը ներկայացրեց այն առաջարկությունները, որոնք ստացել են առաջինից երկրորդ ընթերցման ընթացքում:
Մեկ առաջարկություն ներկայացրել է Կառավարությունը, այն է՝ որ օրենքն ուժի մեջ մտնի ընդունումից ոչ թե 10 օր հետո, այլ հաջորդ օրը: Այն ընդունվել է:
Երկու առաջարկություն ներկայացրել է «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը: Նրանք առաջարկել են օրենքը գործարկել 2021-ի հունվարի 1-ից, ինչը մերժվել է: Փոխնախարարը նշեց, որ եթե այն ավելի ուշ գործարկվի, այս տարի Պարեկային նոր ծառայությունը համալրելու ընդունելություն չի կարող իրականացվել:
ԲՀԿ-ն առաջարկում է նաև նոր ծառայությունում ընդգրկել միայն ոստիկանական միջին մասնագիտություն ունեցող կամ համապատասխան բարձրագույն կրթություն ունեցող անձանց: Այս առաջարկությունը ևս մերժվել է: Ք.Գրիգորյանն ասաց, որ պարզ չէ, թե ինչ ասել է «համապատասխան բարձրագույն կրթություն», այն դեպքում, երբ կառավարության համար ընդունելի չէ, որ ինքը սահմանի բարձրագույն կրթության չափանիշը, որը կդիտվի ոչ օբյեկտիվ:
«Մենք բաց մրցույթ ենք հայտարարում, որին կարող են դիմել ՀՀ բոլոր քաղաքացիները, այդ թվում՝ ոստիկանության ծառայողները, և չենք ցանկանում ընդունելությունը սահմանափակել բարձրագույն կրթության պահանջով»,- ասաց փոխնախարարը:
ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանը հետաքրքրվեց՝ ինչու է Կառավարության համար հրատապ նախագծի ընդունումը: Ք.Գրիգորյանի խոսքով՝ նախատեսվում է 2021-ի առաջին եռամսյակում գործարկել պարեկային ծառայությունը, ուստի պետք է հասցնել: Նա նշեց, որ հունիսին պետք է ընդունելություն լինի, քննություն կազմակերպվի, 5-ամսյա դասընթաց է կազմակերպվելու, և հնարավոր չի լինի ուժի մեջ մտցնել 2021-ի հունվարից: Նա վստահեցրեց, որ կա նաև քաղաքական կամք՝ սկսելու ոստիկանության ոլորտում բարեփոխումները:
«Միշտ մեզ քննադատել եք՝ ինչու են ուշանում բարեփոխումները, հիմա բերել ենք՝ ասում եք՝ ինչու է հրատապ»,- ընդգծեց նա:
Աբովյանը հարցրեց նաև, թե ինչ է սպասվում ՃՈ ծառայողներին պարեկային ծառայության ստեղծումից հետո:
Փոխնախարարն ասաց, որ նոր ծառայության ներդրման արդյունքում ունենալու ենք որոշ կադրեր, որոնք օբյեկտիվորեն չեն հաղթահարելու այս մրցույթը կամ չեն դիմելու, նրանց ոստիկանությունն այլ աշխատանքի առաջարկ կանի: