«Կորոնավիրուսի համաճարակի հետ կապված իրավիճակը մեր երկրում շարունակում է ահագնանալ, ցավոք սրտի»,- հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պարետատան ճեպազրույցի ժամանակ:
Նա հիշեցրել է, որ երեկ արձանագրվել է կորոնավիրուսով վարակվածության 517 նոր դեպք:
«Հիմնական հարցը, որ ծագում է, հետևյալն է՝ ինչո՞ւ է այս ամենը մեզ հետ տեղի ունենում,- ասաց վարչապետը՝ հավելելով,- ես ուզում եմ ևս մեկ անգամ արձանագրել, որ մեր հիմնական պրոբլեմը հակահամաճարակային կանոնների պահպանումն է, կանոնների պահպանման որակը: Մենք համոզված ենք, որ այդ կանոնների պահպանումը կբերի կորոնավիրուսի դեպքերի թվի անկման, նվազման, ընդհուպ՝ զրոյացման: Այդ կանոնները պարզ են, շարադրված են պարետատան որոշումների մեջ:
Բայց ես ուզում եմ այդ իրավիճակի ընդհանուր քաղաքական կոնտեքստի մասին խոսել, որովհետև մեր իշխանության ծագումնաբանությունն այս իրավիճակում աշխատում է մեր դեմ: ՀՀ-ում 2018 թ. իրադարձություններից հետո վախի մթնոլորտն ըստ էության չեզոքացել է, զրոյացել, բայց դրա փոխարեն, ցավոք սրտի, օրինապահության մթնոլորտը դեռ պատշաճ աստիճանի և մակարդակի չի հասել: Եվ, ըստ էության, մենք կանոնների խախտումների արձանագրման որակի և կոշտության հետ էլ խնդիր ունենք»:
Փաշինյանն օրինակ բերեց՝ առևտրի վայրերում, երբ կանոնների խախտում է արձանագրվում ու որոշվում է փակել այն, փաստարկ են բերում, թե այդ դեպքում կփչանա առևտուր անողների մթերքը, ու տնտեսական վնասներ կկրեն: Ըստ նրա՝ այդ առումով փաստարկները սկսում են աշխատել: Վարչապետը տեղեկացրեց, որ պարետատան նիստի ընթացքում հանձնարարել է առավել խստորեն հետևել հակահամաճարակային կանոնների պահպանմանը:
«Այսուհետ հակահամաճարակային կանոնների պահպանմանը հետևելու ենք շատ կոշտ՝ հաշվի չառնելով որևէ փաստարկ: Եթե որևէ մեկը սննդամթերք է վաճառում, ապա նախապես պետք է մտածի, որ վաճառքը պետք է կազմակերպի պարետատան սահմանած կանոններով, որպեսզի խուսափի արգելիքից ու տնտեսական վնասներից»,- վստահեցրեց նա:
Վարչապետը նշեց, որ ստեղծված իրավիճակում հետևյալ ելքերն է տեսնում. «Մենք այսօր կանգնած ենք հետևյալ հանգրվանի առաջ՝ կամ այն փաստի բերումով, որ կանոնները չեն պահպանվում, մենք գնում ենք նորից համատարած արգելափակումների՝ զուգորդելով դրանք պարետային ժամով, երկիրը ենթարկելով նոր տնտեսական և սոցիալական ցնցումների, կամ մենք միասին, իրար հետ համագործակցված հսկողության տակ ենք առնում այս իրավիճակը և շատ արագ արդյունքներ արձանագրում»,- ասաց վարչապետը:
Փաշինյանը հայտնեց, որ յուրաքանչյուրը պետք է դիրքորոշում հայտնի հետագա անելիքների վերաբերյալ:
«Իմ դիրքորոշումը հետևյալն է, որ անկախ այս սցենարներից, հակահամաճարակային կանոնների նկատմամբ հսկողությունը պետք է կատարվի ամենախիստ, ամենակոշտ ձևով, հաշվի չառնելով ոչ մի փաստարկ, հաշվի չառնելով ոչ մի զգացմունքային պահ: Սա է իմ հրահանգը՝ իրավապահ մարմիններին և ես խստորեն հետևելու եմ այդ հրահանգների իրականացմանը: Այդ հրահանգները չիրականացնելը կամ անօրակ իրականացնելը բերելու է կոնկրետ հետևանքների: Ընդամենը 2-3 օր ունենք, որ այս առումով երկրում որակական իրավիճակ փոխենք»,- շեշտեց վարչապետ Փաշինյանը: