Մայիս ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի հաստատված դեպքերի թիվը մարտին արձանագրված թվի համեմատ աճել է 13 անգամ՝ հայտարարել է Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի գլխավոր տնօրեն Արտավազդ Վանյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ:
«Եթե համեմատում ենք ապրիլ ամսվա ընթացքում արձանագրված դեպքերի թիվը մարտ ամսվա դեպքերի թվի հետ, ապա տեսնում ենք, որ թվերը աճել են 3 անգամ, իսկ եթե մայիս ամսվա թվերը՝ 13 անգամ»,- ասաց նա՝ հավելելով,-«Երբ մարտին գործում էին սահմանափակումները, շփումները քիչ էին և հնարավորություն կար կորոնավիրուսի տարածումը որոշակի առումով դարձնել վերահսկելի»:
Ինչ վերաբերում է մայիսին արձանագրված աճին, ըստ Վանյանի, պատճառը սահմանափակումների վերացումից հետո մարդկանց կուտակումներն ու մեծ թվով շփումներն են:
Վանյանը քաղաքացիներին հորդորեց հնարավորինս չմասնակցել թաղման, հոգեհանգստի և այլ զանգվածային միջոցառումների, քանի որ դրանք վարակի տարածման աղբյուր են: Վանյանը կոչ արեց, որ քաղաքացիները զերծ մնան նաև ուխտագնացությունների մասնակցելուց: