Գրոսմայստեր Գաբրիել Սարգսյանը հաջող հանդես եկավ արագ շախմատի Եվրոպայի առցանց առաջնությունում՝ զբաղեցնելով մրցանակային երրորդ տեղը:
Գաբրիել Սարգսյանը 1/8 եզրափակչում 1,5 : 0,5 հաշվով հաղթեց Վիկտոր Միխալևսկուն, ապա հաջորդ փուլում պարտության մատնեց Վինսենթ Կեյմերին (2-1): Կիսաեզրափակչում Գաբրիելը երկու պարտիաներում էլ զիջեց Դավիդ Նավարային:
Սերգեյ Մովսեսյանն էլ հասավ մինչև կիսաեզրափակիչ: Առաջին երկու փուլերում նա պայքարից դուրս մղեց Վիկտոր Գազիկին (1,5 : 0,5) և Գեորգ Մեյերին (2 : 1), իսկ ահա կիսաեզրափակչում՝ արմագեդոնում, պարտվեց Եվրոպայի չեմպիոն հռչակված Ալեքսեյ Սարանային:
Գաբրիել Սարգսյանն ու Սերգեյ Մովսեսյանը երրորդ տեղի համար պայքարում վիճարկեցին բրոնզե մեդալը: Հաջողությունն ուղեկցեց Գաբրիելին, որը շահեց արագ շախմատի երկու պարտիաներն էլ:
Եվրոպայի չեմպիոնը ռուսաստանցի Ալեքսեյ Սարանան է, որը եզրափակչում 2 : 0 հաշվով պարտության մատնեց չեխ Դավիդ Նավարային:
Շախմատիստները նախ մասնակցեցին որակավորման երկու փուլի՝ յուրաքանչյուրում անցկացնելով 8-ական պարտիա: Այդ փուլերի արդյունքներով 14 լավագույններն ու անհատապես հրավիրված Անիշ Գիրին և Դավիդ Նավարան, վիճակահանությամբ բաժանվելով զույգերի, նոկաուտ համակարգով վիճարկեցին մեդալները: