ՀՀ պետական բոլոր հանրակրթական դպրոցներում այս տարի առաջին դասարանցիների ընդունելությունը կատարվում է առցանց համակարգի միջոցով։ Հունիսի 1-ից՝ ժամը 9։00-ից, hayt.emis.am կայքում մեկնարկել է բուն հայտագրման գործընթացը։ Քանի որ այս տարի սահմանվել է առաջնահերթություն, հունիսի 1-10-ն ընկած ժամանակահատվածում հերթագրվում են հետևյալ հայտատուները՝
-
1-ին դասարան գնացող երեխայի ծնողներից մեկը տվյալ դպրոցի աշխատակից է.
-
1-ին դասարան գնացող երեխան ունի տվյալ դպրոցում արդեն սովորող հարազատ քույր կամ եղբայր:
Այս պահի դրությամբ, արդեն հայտագրվել է 4745 առաջին դասարանցի։ Հայտագրումն ընթացել է հարթ, տեխնիկական խնդիրներ չեն առաջացել։ Հունիսի 11-ից՝ ժամը 9։00-ից սկսած` գրանցվելու հնարավորություն կունենան նրանք, ովքեր չեն համապատասխանում վերոնշյալ երկու կետերին:
Եվս մեկ անգամ կոչ ենք անում, որ դեռևս չհայտագրված ծնողներն իրենց անձնական տվյալների առկայությունն ու ճշգրտությունը ստուգեն համապատասխան համակարգով՝ մուտք գործելով stugum.emis.am կայք։ Այստեղ բացվում է երկու դաշտ, որտեղ պետք է մուտքագրվի ծնողի և երեխայի հանրային ծառայությունների համարանիշը: Եթե ծնողը մուտքագրել է հանրային ծառայությունների համարանիշը, սակայն ստացել է պատասխան` համակարգը չի հայտնաբերի ծնող-երեխա կապը (որն ավտոմատ պետք է բերվեր Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալության տվյալների բազայից), ապա ծնողին կառաջարկվի կայքում համապատասխան կոճակը սեղմելու միջոցով տվյալները փոխանցել ՔԿԱԳ, որպեսզի դրանք թվայնացվեն։