ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը խորհրդարանում անդրադարձավ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի երեկ հրապարակած ուսումնասիրություններին՝ «Գազպրոմ Արմենիա» ընկերության բաժանորդներին հասնող գազի սակագնի հնարավոր բարձրացման մասին:
Բաբաջանյանը նշեց, որ ըստ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի՝ գազի գինը սպառողների համար չպետք է բարձրանա, իսկ «Գազպրոմ Արմենիան» առաջարկել էր բոլոր բաժանորդների համար նույնական սակագին սահմանել՝ չեղարկելով սոցիալապես անապահովներին մատչելի գնով գազի տրամադրումը, ինչի հետևանքով գազը նրանց համար շուրջ 36 տոկոսով կթանկանա:
Բաբաջանյանը նշեց, որ «Գազպրոմ Արմենիայի» մյուս առաջարկների ընդունման դեպքում գազի սակագինը միջինը 11 տոկոսով կբարձրանա:
«Այս թանկացումը տեղի է ունենում միջազգային շուկաներում էներգակիրների, այդ թվում՝ գազի զգալի էժանացման դեպքում: Դա տեղի է ունենում այն պայմաններում, երբ նույն Ռուսաստանը զգալիորեն նվազեցնում է եվրոպական երկրներ մատակարարվող գազի գինը: Սա ռազմավարական գործընկեր երկրի կողմից մեզ ուղղված ոչ բարեկամական քայլ է, որն ակնհայտորեն ունի ոչ թե տնտեսական, այլ բացառապես քաղաքական բաղադրիչ: Ռուսաստանի համար գազի գինը քաղաքական լծակ է եղել միշտ, այդպիսին է նաև այսօր:
Ամեն անգամ գազի սակագնի քննարկման ժամանակ մեզ ուրվականի պես այցի է գալիս Հայաստանի հանցավոր անցյալը, քանի որ այդ անցյալում 2013-ին կնքված գազային խայտառակ համաձայնագրի արդյունքում է Ռուսաստանը գազային տոտալ մենաշնորհ հաստատել Հայաստանում: Այսօր գազի գնի յուրաքանչյուր թանկացման ժամանակ վճարում ենք այդ հանցավոր անցյալի, նախկին իշխանությունների կնքած հակապետական գործարքների համար»,- նշեց պատգամավորը:
Ըստ Արման Բաբաջանյանի ՝ այս իրավիճակից միակ ելքը այդ համաձայնագրերի վերանայումն է:
«Ակնհայտ է սակայն, որ մինչև այդ համաձայնագիրը չվերանայվի, մենք շարունակելու ենք ապրել գազային ստրկության պայմաններում՝ ամեն անգամ գազի թանկացման տեսքով ապտակ ստանալով մեր ինքնիշխանությանը»,- նշեց Բաբաջանյանը: