ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում հրապարակել է Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողների՝ ավտոբուս մուտք գործելու լուսանկարը: Տրանսպորտային միջոցը լեփ-լեցուն է, սակայն մարդիկ շարունակում են նստել՝ չպահպանելով պարետի ցուցումները: Փաշինյանը լուսանկարին կից գրել է.
«Վանաձորի «Գլորիա» ֆաբրիկայի աշխատողները տուն գնալիս։ Ահա թե ովքեր և ինչպես են ապահովում ռեկորդային թվեր Հայաստանի համար»։
Հիշեցնենք, որ հունիսի 2-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 10009 դեպք, որոնցից 3427-ը` առողջացած, 158-ը` մահվան ելքով: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6368 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 59917 թեստավորում: Վերջին 24 ժամում ունենք կորոնավիրուսային հիվանդությամբ հաստատված 517 նոր դեպք և 25 առողջացած։