ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում դատախազության 2019-ի հաղորդման քննարկման եզրափակիչ ելույթում շնորհակալություն հայտնեց պատգամավորներին դրական և բարձր գնահատականի, ինչպես նաև կառուցողական առաջարկությունների և բարձրացված խնդիրների համար: Նա վստահեցրեց, որ դատախազությունն ականջալուր է այդ առաջարկություններին, և այդ ուղղությամբ միջոցներ ձեռնարկվելու են:
Ա.Դավթյանն անդրադարձավ բարձրաձայնված մի քանի հարցի, մասնավորապես՝ զինդատախազության աշխատանքին: Գլխավոր դատախազը նշեց, որ բանակում առկա մի շարք խնդիրների մասին բարձրաձայն հնարավոր չէ խոսել, բայց դատախազությունը մի շարք առաջարկներ է ներկայացրել բանակում հանցածին իրավիճակի և այլ խոչընդոտների վերացման մասին:
Անդրադառնալով Արման Բաբաջանյանի դիտարկումներին՝ գլխավոր դատախազն ասաց, որ պատգամավորի տեղեկատուն մոլորեցնում է և վատ դրության մեջ է դնում նրան, հնչեցված փաստարկներն իրականությանը չեն համապատասխանում: «Ափսոսում եմ, որ պարոն Բաբաջանյանը չի օգտագործել իր անձնական հնարավորությունը ինձ հետ հանդիպումներում տալ այդ հարցերը և չհայտնվել այս վիճակում»,- ասաց Ա.Դավթյանը:
Նա նշեց, որ ՀՖՖ նախկին նախագահ Ռուբեն Հայրապետյանի հայտարարությունները, թե համավարակով պայմանավորված՝ չի կարողանում վերադառնալ Հայաստան, իրականության հետ աղերս չունեն: «Որ պահին նա ցանկություն է հայտնել վերադառնալու, մեր կողմից բոլոր կապերն ապահովվել են, դիմել ենք ՌԴ-ում ՀՀ դեսպանություն, որպեսզի դեպի Երևան առաջին իսկ թռիչքի դեպքում ապահովվի նրա վերադարձը»,- պարզաբանեց նա:
Գլխավոր դատախազը նշեց, որ իրենց աշխատանքի արդյունքների ընկալումները հանրության մեջ միանշանակ չեն: «Մեր աշխատանքից, ինչպես ցանկացած աշխատանքից միշտ կա դժգոհ կողմ, առնվազն քրեական հետապնդման ենթարկված յուրաքնաչյուր անձ և նրա հարազատները: Մարդիկ դժգոհ են մեր հետևողական աշխատանքից, և նույնիսկ այդ դեպքում էլ մենք պետք է մեր աշխատանքը իրականացնենք և չառաջնորդվենք ինչ-որ անձանց հրապարակային վարքագծով»,- եզրափակեց նա: