Մեկուսացման քաղաքականություն վարեցինք այնքան ժամանակ, քանի դեռ մեր հնարավորությունները ներում էին, ընդ որում՝ Կառավարությունը, պարետատունը, ԱՆ-ն ամեն ինչ արել են, որ մեկուսացման պայմանները լինեն արժանապատիվ: Այնուամենայնիվ, եկավ մի պահ, որ այնքան շատ էին մեկուսացվածները և դրական դեպքերը, որ նրանց նման պայմաններում պահելու հնարավորություն չկար: Այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով ասիմպտոմ հիվանդներին տնային պայմաններում բուժելու խնդրին:
«Շատ դեպքերում չախտորոշված դեպքերն ավելի վտանգավոր են վարակի տարածման առումով, քան ախտորոշվածները: Ախտորոշվածի դեպքում ընտանիքի անդամները և շրջապատը գիտեն դրա մասին և ավելի զգույշ են, իսկ ավելի վտանգավոր են, երբ իրենք էլ չգիտեն, շրջապատն էլ չգիտի, որ իրենք վարակված են»,- ասաց վարչապետը: