Արցախի Հանրապետության նախագահը շնորհավորել է Երեխաների պաշտպանության միջազգային օրը: Արայիկ Հարությունյանի ուղերձում ասված է․
«Բարեկեցիկ ու արժանապատիվ ապագա կառուցելու պետական քաղաքականության և յուրաքանչյուրիս անհատական ու բոլորիս հավաքական ջանքերի առանցքն առաջին հերթին մեր երեխաների վաղվա օրն ավելի լուսավոր ու պայծառ դարձնելն է, նրանց իրավունքների պատշաճ երաշխավորման պայմաններում առողջ, զարգացած ու ստեղծարար սերունդ դաստիարակելն է:
Պետությունը վստահաբար շարունակելու և ընդլայնելու է կրթական, առողջապահական և սոցիալական բոլոր այն ծրագրերը, որոնք իրենց նպաստն են բերելու առողջ ու զարգացած սերունդ ունենալու և այն ազգային արժեհամակարգով դաստիարակելու գործին: Մեր երեխաների անվտանգ ու երջանիկ մանկության իրավունքի իրացումը պետության առաջնահերթ պարտականությունների թվում է, և իշխանությունների կողմից արվելու է առավելագույնն այն հավուր պատշաճի իրականացնելու համար:
Սիրելի՛ երեխաներ
Տարվա յուրաքանչյուր օր ձերն է, մեր յուրաքանչյուր հույս ու ջանք ուղղված է հենց ձեզ: Մաղթում եմ ձեզ ընտանեկան ջերմություն, անհոգ մանկություն, խաղաղ երկինք և կրթական ու ստեղծագործական շարունակական հաջողություններ: