Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարությունները, թե Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ անկարգություններին, համարել է տեղեկատվության մանիպուլյացիայի կեղտոտ մեթոդ: Նախագահ Պուտինի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովն էլ դրանք կոչել է սխալ ակնարկներ, որոնք չեն համապատասխանում պաշտոնական Վաշինգտոնի տեսակետին:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Սյուզան Ռայսը չէր բացառել, որ Ռուսաստանն աջակցում է ԱՄՆ-ում բողոքի ցույցերին և բռնություններին՝ չներկայացնելով, իհարկե, որևէ ապացույց:
Մինեապոլիսում սևամորթ տղամարդու սպանությունից հետո սկսված խռովությունների պատճառով ԱՄՆ քառասունից ավելի քաղաքում, այդ թվում՝ Վաշինգտոնում, պարետային ժամ է հայտարարվել: Նախագահ Թրամփը դիմել է դեմոկրատ նահանգապետերին ու քաղաքապետերին՝ աջակցել ազգային գվարդիային իրադրությունը կարգավորելու հարցում:
Ըստ The New York Times-ի՝ Սպիտակ տան դիմաց անցկացված բողոքի ցույցերի ժամանակ գաղտնի ծառայության գործակալները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին թաքցրել են ստորգետնյա բունկերում: