Խորհրդարանում մեկնարկել է ՀՀ գլխավոր դատախազության 2019 թ. տարեկան գործունեության հաշվետվության քննարկումը:
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տեղեկացրեց, որ Հայաստանում 2019 թվականին ընդհանուր հանցագործության դեպքերի թիվն աճել է՝ հասնելով 26 հազար 850-ի, սակայն նվազել են մարդու դեմ ուղղված հանցագործությունները:
«2019 թվականի ընթացքում հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 26 հազար 850 դեպք: Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 2172-ով կամ 8.8 տոկոսով»,- ասաց դատախազը:
Դավթյանի խոսքով՝ բարձրացել է իրավապահ մարմինների հետ քաղաքացիների համագործակցության մակարդակը: Բարեփոխվել է հանցագործների հաշվառման գործընթացը, անհամեմատ նվազել է ոստիկանության կողմից վիճակագրությունը բարելավելու մղումով դեպքեր թաքցնելու արատավոր պրակտիկան:
«2008-2018 թթ. կտրվածքով ընդհանուր հանցագործությունների կազմում ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների տեսակարար կշիռը տոկոսային արժեքով կազմել է 28.1 տոկոս, իսկ 2019-ին՝ 17.8 տոկոս»,- ասաց Դավթյանը:
Նրա խոսքով՝ հանցագործության ընդհանուր կառուցվածքում շարունակվել է մարդու դեմ ուղղված հանցագործությունների տեսակարար կշռի նվազման միտումը՝ 20 տոկոսից իջել է 16 տոկոսի: Սակայն 12-ով կամ 34 տոկոսով աճ է արձանագրվել հանրային ամենամեծ վտանգավորություն ունեցող հանցատեսակով՝ սպանությունով:
«100 հազար բնակչին բաժին է ընկնում սպանության 1.6 դեպք, ինչը վերջին 10 տարիների տարեկան միջին ցուցանիշից ցածր է 0. 4 տոկոսով: 2019-ին հանցագործությունների վիճակարգությունը փաստում է, որ 100 հազար բնակչին բաժին է հասնում 906 դեպք: Այս ցուցանիշով մեր երկիրը դրականորեն տարբերվում է ԱՊՀ երկրներից»,- ներկայացրեց Արթուր Դավթյանը: