ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում դատախազության տարեկան հաշվետվությունը ներկայացնելիս անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի խորհրդատվական կարծիքին: Ըստ նրա՝ ՄԻԵԴ կարծիքը հաստատում է մինչ այժմ ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափությունը:
Դատախազի խոսքով՝ ՄԻԵԴ դիրքորոշումը շատ հստակ է. առաջադրված 4 հարցերից 2-ին դատարանն ընդհանրապես չի պատասխանել՝ դրանք դիտարկելով որպես վերացական, տեսական բնույթի հարցեր:
«Երկու հարցի կապակցությամբ՝ իրավական որոշակիության և օրենքի հետադարձ ուժի առումով, աքսիոմատիկ իրավաբանություն է ներկայացրել: Այսինքն՝ այլ նախադեպերում արտացոլված իր հստակ դիրքորոշումը, թե ինչ ընդհանուր կանոնների պետք է բավարարեն իրավական որոշակիությունը և հետադարձ ուժի կանոնները: Եվ հստակ, ուղղակիորեն մատնանշել է, որ ըստ էության՝ կոնվենցիայի 7-րդ հոդվածի խախտում, ինքնին փաստով, չի տեսնում:
Ամփոփելով ոչ մասնագետի լեզվով՝ Եվրոպական դատարանի որոշումը ակնհայտ վկայությունն է մեր՝ նախկինում հայտնած բազմաթիվ դիրքորոշումների, որ այդ հարցերին պետք է անդրադառնա գործն ըստ էության քննող դատարանը, ոչ թե Եվրոպական և նույնիսկ Սահմանադրական դատարանը»,- ասաց Դավթյանը՝ հավելելով, որ Եվրոպական դատարանի դիրքորոշումը մինչև այս ձեռնարկված քրեական հետապնդման գործողությունների իրավաչափության հաստատումն է: