«Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ից հայտնում են, որ Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում «Թումանյան» կայարանից մինչև Բագրատաշենի սահմանային անցակետ մոտ 51.7 կմ երկարությամբ հատվածի տարբեր տեղամասերում կատարվում են ասֆալտապատման աշխատանքներ։
«Սանահին» կայարանից Հաղպատ հատվածում կապալառու «ԱԱԲ պրոեկտ» կազմակերպությունն արդեն իսկ ասֆալտապատել է մոտ 9 կմ ճանապարհ։ Ընկերության ներկայացուցիչ Դավիթ Ազատյանը նշում է, որ այդ 9 կմ-ում դեռևս պետք է տեղադրեն վերջին՝ 4 սանտիմետր հաստությամբ մանրահատիկ ասֆալտե շերտը։ «Սանահին» կայարանից Հաղպատ ճանապարհի մյուս տեղամասերում շարունակվում են ասֆալտապատման նախապատրաստական, 3 կամուրջների, ջրատարների կառուցման աշխատանքները, լայնացվում են դժվարանցանելի հատվածները և այլն։
Ասֆալտապատումը սկսվել է նաև Մ6-ի Հաղպատ-Բագրատաշենի սահմանային անցակետ հատվածում։ Շինարարական աշխատանքներն իրականացնող իտալական «Սուարդի» ընկերությունը գրեթե ամբողջությամբ ասֆալտապատել է Շնող-Քարկոփ ճանապարհը։
Լոռու մարզի Շնող համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը նշում է, որ Մ6 միջպետական ճանապարհի հիմնանորոգումն իր դրական ազդեցությունը կունենա նաև իրենց համայնքի, բնակիչների համար։ Բարեկարգ ավտոմայրուղին կնպաստի հարակից բնակավայրերի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, կհեշտացնի գյուղացիների հասանելիությունը շուկաներին։ Համայնքապետը նկատում է, որ ճանապարհաշինական աշխատանքների որակից գոհ են։ Ըստ նրա՝ երկու տարի առաջ նույն կազմակերպությունը՝ «Սուարդին», հիմնանորոգել է նաև Շնողի գյուղամիջյան ճանապարհը, ինչը կատարել են բարեխղճորեն և բարձր որակով։
Մ6-ի հիմնանորոգումը համայնքների համար լուծում է նաև ենթակառուցվածքների հետ կապված մի շարք խնդիրներ. վերականգնվում են տասնամյակներ շարունակ չվերանորոգված կոյուղագծեր, ջրագծեր և այլն։
Մ6, Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման միջպետական ավտոճանապարհի վերականգնման և բարելավման ծրագրի շրջանակներում կատարվում են մեծածավալ աշխատանքներ։ Ճանապարհի հիմնանորոգման արդյունքում կունենանք Հայաստանը Վրաստանի հետ կապող բարեկարգ մայրուղի, որը կկրճատի երթևեկության տևողությունը, կավելացնի երթևեկության ինտենսիվությունը, ճանապարհը կդարձնի առավել անվտանգ։