Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը՝ ՎԶԵԲ-ը, մեկնարկում է անվճար առցանց կրթական և խորհրդատվական ծրագիր՝ աջակցելու միկրո-, փոքր և միջին ձեռնարկություններին, որոնք տուժել են կորոնավիրուսի համաճարակի տնտեսական հետևանքներից։ Նման մասնավոր փոքր ընկերությունները էական դեր ունեն այն երկրենրի տնտեսություններում, որտեղ ՎԶԵԲ-ը ներդրումներ է իրականացնում:
Հարթակը հնարավորություն է տալիս ստանալու փորձագիտական խորհրդատվություն՝ ճգնաժամային իրավիճակում դրամական հոսքերի, մատակարարների և անձնակազմի կառավարման ուղղությամբ:
Ծրագրի նպատակն է աջակցել ավելի քան 10,000 բիզնեսի 30 երկրում:
ՎԶԵԲ «Know How Ճգնաժամային իրավիճակում» ծրագիրն իրականացվում է բանկի հարթակում։ «Know How ակադեմիան» միասնական կրթական հարթակ է, որտեղ ձեռներեցներին հասանելի է կիրառական օժանդակություն, ներառյալ տարբեր թեմաներով դասընթացների նյութեր, ճգնաժամային կառավարման խորհրդատվություն ոլորտի փորձագետների կողմից, ինչպես նաև համատեղ քննարկումների հարթակ։
Հարթակում ներկայացված է լինելու նաև լոկալ տեղեկատվություն կառավարության և բանկերի կողմից առաջարկվող ֆինանսական աջակցության վերաբերյալ ՎԶԵԲ-ի գործունեության բոլոր 30 երկրներում։
Ծրագիրը մեկնարկել է որպես ՎԶԵԲ-ի ճգնաժամային արագ արձագանքման և աջակցման գործիք։ Այն ուղղված է հինգ հիմնական գործարար ուղղությունների․
1) Ճգնաժամային կառավարում․ ձեր հաճախորդներն ու մատակարարները.
2) Ճգնաժամային կառավարում․ ֆինանսական կառավարման հիմունքներ.
3) Ճգնաժամային կառավարում․ ձեր ընկերության ֆինանսավորումը.
4) Ճգնաժամային կառավարում․ ձեր անձնակազմը.
5) Ճգնաժամային կառավարում․ կառավարման և առաջնորդության
մարտահրավերները:
Առաջին դասընթացը՝ «Ճգնաժամային կառավարում․ ձեր հաճախորդներն ու մատակարարները» թեմայով, ներառում է խորհրդատվություն բիզնեսի մատակարարման շղթայի անխափան իրականացման և դրամական հոսքերի վերաբերյալ։ Դասընթացը հասանելի է այսօրվանից, իսկ մյուս չորսը կմեկնարկեն հաջորդիվ։ Բոլոր ռեսուրսները հասանելի են դեռևս անգլերեն, ռուսերեն, արաբերեն։
ՎԶԵԲ-ը, համագործակցելով իր գործունեության բոլոր 30 երկրների գործընկեր բանկերի և բիզնեսի աջակցման խմբերի հետ, առաջիկա ամիսներին նպատակադրված է աջակցելու ավելի քան 10,000 միկրո-, փոքր և միջին ձեռնարկությունների՝ առաջարկելով տարբեր նյութեր, գիտելիքի կիսման հարթակ և մասնագիտական խորհրդատվություն։
Ծրագիրը ֆինանսավորում են Եվրոպական միությունը (այդ թվում նաև իր Եվրոպական ներդրումային խորհրդատվության հաբի միջոցով), Ղազախստանը և ՎԶԵԲ Փոքր բիզնեսի աջակցման ֆոնդը (Իտալիա, Ճապոնիա, Կորեա, Լյուքսեմբուրգ, Շվեյցարիա, Շվեդիա, Թայբեյ Չինաստան).
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի Հայաստանի գրասենյակի ղեկավար Դիմիտրի Գվինդաձեի խոսքով․ «Փոքր և միջին բիզնեսի աջակցությունը ՎԶԵԲ-ի առաքելության հիմքում է: Մենք պատրաստակամ ենք աջակցել բիզնեսներին այս ճգնաժամային իրավիճակում՝ օգնելով նրանց հաղթահարել ներկայիս մարտահրավերները և նախապատրաստվել առավել արագ և արդյունավետ վերականգնմանը։ ՎԶԵԲ հարթակը կարող է օգտակար աջակցող գործիք հանդիսանալ բոլոր բիզնեսների համար՝ անկախ ընկերության չափից»:
Ծրագրին կարող եք ծանոթանալ մայիսի 28-ից հետևյալ հղմամբ www.ebrdknowhowacademy.com.
Մանրամասն տեղեկատվության և հարցումների համար դիմել ՎԶԵԲ հայաստանյան գրասենյակ Արմենուհի Առաքելյանին՝ [email protected].