Հունաստանը կշարունակի արգելապատնեշ կառուցել Էվրոս գետի երկայնքով Թուրքիայի հետ սահմանին: Այս մասին հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը:
Ներկայումս Հունաստանը պատնեշներ է ստեղծում Թուրքիայի հետ սահմանի տարբեր հատվածներում, որոնց ընդհանուր երկարությունը մոտավորապես 26 կմ է: Սակայն Աթենքը նախատեսում է արգելապատնեշի երկարությունը հասցնել 208 կմ-ի:
2016 թվականի մարտին Անկարայի և Բրյուսելի միջև կնքված համաձայնագիրը ենթադրում է, որ Թուրքիան չպետք է թույլ տա անօրինական միգրանտների մուտքը ԵՄ երկրներ և դրա դիմաց ստանալու է ֆինանսական աջակցություն: 2020 թվականի փետրվարի վերջին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեղադրեց ԵՄ-ին համաձայնագրերը չկատարելու համար և բացեց Հունաստանի հետ սահմանը՝ պատճառաբանելով, թե չի կարող կերակրել բոլոր միգրանտներին: Ըստ Էրդողանի՝ օրվա ընթացքում 18 հազար մարդ հատել է ԵՄ սահմանը:
Հունաստանը հայտարարեց սահմանի զանգվածային ապօրինի անցումների մասին և փակեց Էվրոս գետի վրայի անցակետը: Միգրանտների հետ բախումների ժամանակ հույն ոստիկաններն օգտագործել են ջրաշիթ և արցունքաբեր գազ: