ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն ԱԺ-ում անդրադարձել է կոռուպցիոն բնույթի հանցագործությունների թվին:
Ներկայացնելով դատախազության գործունեության 2019 թ. տարեկան հաղորդագրությունը՝ Դավթյանն ասաց, որ նախորդ տարի քննված քրեական գործերի ճնշող մեծամասնությունը կոռուպցիոն բնույթի է: Ըստ նրա՝ պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը, նախնական հաշվարկով, կազմել է շուրջ 105.7 մլրդ դրամ, տարվա ընթացքում վերականգնվել է 12,4 մլրդ դրամի վնաս:
«Կոռուպցիայի դեմ քրեաիրավական համակարգված պայքարը շարունակում է մնալ դատախազության ավերապահ ռազմավարական առաջնահերթություններից: 2019-ին առերևույթ կոռուպցիոն հանցագործության դեպքերի առթիվ քրեական վարույթների հարուցման դինամիկան շարունակել է մնալ բարձր: Վարույթում քննված կոռուպցիոն գործերի քանակը 2018-ի համեմատ ավելացել է 26.6 տոկոսով: Նման զգալի աճի և դրանով պայմանավորված` քրեական հետապնդման մարմինների ծանրաբեռնվածության ավելացման պայմաններում հաջողվել է 2019-ին ավարտել կոռուպցիոն բնույթի 34 տոկոսով ավելի քրեական գործի վարույթ: Դատարան ուղարկված կոռուպցիոն բնույթի գործերի քանակը նախորդ տարվա համեմատ ավել է շուրջ 60 տոկոսով, իսկ դատի տված անձանց թիվը՝ շուրջ 35 տոկոսով: Ընդ որում՝ կոռուպցիոն բնույթի հանցանք կատարած և ազատազրկման ձևով պատժի դատապարտված անձանց թիվը նախորդ տարվա համեմատ ավելի է եղել շուրջ 120 տոկոսով»,- ներկայացրեց գլխավոր դատախազը: