ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ֆեյսբուքի իր էջում խոսել է երեխաների ինքնուրույն կյանքով ապրելու կարևորության մասին:
«Երեխաներն իրենց մաքրությամբ մեծերից շատ դեպքերում ավելի լավ են պատկերացնում ներառականությունը, սեփական աշխարհայացքով են ցույց տալիս, որ պետք է գնահատել մարդու արժեքը, որ երբեք չի կարելի թույլ տալ, որ երեխան մեկուսանա իր հասակակիցներից միայն այն բանի համար, որ նա առանձնահատուկ է առողջական կամ սոցիալական վիճակով, չի կարելի նվաստացնել մարդուն ու զրկել նրան հիմա ու հետո ինքնուրույն կյանքով ապրելու երջանկությունից։
Մենք՝ մեծերս, չպետք է թողենք, որ կարևոր արժեքները մարեն մեր երեխաների մեջ. միայն այդ արժեքները զարգացնելով կարող ենք դաստիարակել ապագայի արժանապատիվ քաղաքացիներ։
Ի միջի այլոց, այս նկարների մեծ մասի հեղինակ են մարզերի երեխաները, ովքեր նախորդ տարի մասնակցել ու մրցանակներ են ստացել Մարդու իրավունքների պաշտպանի «Փոխիր աշխարհը» կարգախոսով իրազեկման արշավին:
Յուրաքանչյուր նկարի վրա կարող եք գտնել նկարը պատկերած երեխայի անուն-ազգանունն ու դպրոցը, դասարանն ու տարիքը»: