ՊԵԿ տեղեկատվության բաժնից հայտնում են, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում 2020 թվականի ապրիլ ամսվա եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկների գնահատման արդյունքում միջոցառման շահառու է համարվել և ծանուցվել 12 227 հարկ վճարող, որոնցից 2020 թ. հունիսի 1-ի դրությամբ աջակցությունը ստանալու դիմում է ներկայացրել 8923-ը կամ շուրջ 73%-ը: Վերջիններիս գծով արդեն իսկ կոմիտեի կողմից կազմվել են վճարման հանձնարարականներ (գումարով` շուրջ 1.7 մլրդ դրամ), և աջակցության գումարները փոխանցվել են հարկ վճարողների բանկային հաշվեհամարներին:
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 18-րդ միջոցառման շրջանակում, ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի միջոցով ուղարկվող դիմումների (այդ թվում` ճշտված) ներկայացման վերջնաժամկետը սահմանված է 2020 թվականի հունիսի 10-ը ներառյալ:
Հաշվի առնելով վերոգրյալը` խնդրում ենք այն հարկ վճարողներին, որոնք ՀՀ ՊԵԿ հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգից իրենց անձնական էջին ստացել են ծանուցում (18-րդ միջոցառման շահառու հանդիսանալու վերաբերյալ) և ցանկանում են օգտվել աջակցության ծրագրից, միանվագ դրամաշնորհ ստանալու համար դիմումները ներկայացնել նշված ժամկետում:
Կոմիտեն միաժամանակ առաջարկում է դիմումները լրացնելիս ուշադրություն դարձնել հետևյալ տվյալների ճշտությանը.
-
Բանկային հաշվեհամարը պետք է պատկանի շահառու հանդիսացող հարկ վճարողին:
-
Դիմումում չպետք է նշվի արդեն իսկ փակված հաշվեհամար:
-
Մինչև դիմումն ուղարկելը ևս մեկ անգամ պարտադիր ստուգել բանկային հաշվի նիշերի համապատասխանությունը (ճշտությունը):