Բելառուսում նախագահի ընտրությունները տեղի են ունենալու օգոստոսի 9-ին, բայց ըստ իշխանությունների՝ երկրում արդեն նկատվում է լարվածության թեժացում: Ներքին գործերի նախարարի առաջին տեղակալը նշել է, որ «խոսքը հասարակական կարգի կամ ընտրությունների մասին օրենսդրության մի քանի խախտումների մասին չէ, այլ ծրագրված, նախապատրաստված գործողությունների»: Ըստ ներքին գործերի նախարարության՝ սպառնալիքներ են ստանում խորհրդարանական ընտրություններ անցկացրած ընտրական հանձնաժողովների նախագահները:
Բելառուսում այժմ ստորագրություններ են հավաքում հանրապետության նախագահի թեկնածուների առաջադրման համար: Ներկայումս 14 նախաձեռնող խումբ է իրականացնում ստորագրահավաքը, և նրանց մեծ մասն աշխատում է փողոցներում: Ընդ որում՝ պիկետները սկսեցին օգտագործվել որպես զանգվածային հավաքներ կազմակերպելու հնարավորություն, ինչը հանրապետության օրենսդրությամբ արգելված է: Արդյունքում՝ կազմակերպիչներից մի քանիսը ձերբակալվել են: Բելառուսի նախագահ Լուկաշենկոն հայտարարել է, որ երկրում մայդան թույլ չեն տա: