Կորոնավիրուսային համաճարակի ֆոնին նեապոլիտանական մաֆիան փորձում է ստանալ սովորական իտալացիների աջակցությունը: Մաֆիոզ կառույցի անդամները սնունդ են բաժանում քաղաքացիներին, օգնում են փոքր ձեռնարկություններին խուսափել սնանկացումից:
Մինչ Իտալիայի իշխանությունը պայքարում է կորոնավիրուսի համաճարակի հետևանքների դեմ, երկրի մաֆիան ճգնաժամն օգտագործում է իր օգտին: «Այսօր շատ հեշտ է իրենց կողմը գրավել սովորական քաղաքացիներին»,- ասել է SOS Imprese կազմակերպության ղեկավար Լուիջի Կուոմոն, որն օգնում է փոքր և միջին ձեռնարկատերերին շորթումների դեմ պայքարում:
Երկրի հարավ-արևմուտքում՝ Նեապոլում, մաֆիան փորձում է մրցակցել քաղաքացիական ակտիվիստների հետ, որոնք օգնություն են տրամադրում տեղացիներին: Սննդամթերքով փաթեթներ ու 50 եվրոյի կտրոններ հանձնելով՝ մաֆիոզ կառույցներն ապահովում են առավել խոցելի մարդկանց աջակցությունը: Շատ իտալացիների համար մաֆիայի փողերը սնանկությունից խուսափելու վերջին հնարավորությունն են: «Նախկինում փող էին պահանջում, հիմա տալիս են, սակայն հետագայում դրա դիմաց նրանք անպայման ինչ-որ բան կպահանջեն: Իշխանությունը պետք է արագ ու պրոֆեսիոնալ գործի, հսկողությունը չկորցնելու համար»,- նախազգուշացրել է Կուոմոն: