Վերջին օրերին բժշկական կենտրոններում ավելացվել է մահճակալների թիվը: Այս մասին պարետատան նիստից հետո ասաց առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նա նշեց, որ մահճակալներ են ավելացվել «Արտաշատ» ԲԿ-ում և Օրթոպեդիայի և վնասվածքաբանության գիտական կենտրոնում, սակայն, ըստ նրա, առաջիկայում մահճակալների թիվն ավելացվելու է նաև «Աստղիկ» ԲԿ-ում՝ մոտ 40, «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում՝ մոտ 50, «էրեբունի» ԲԿ-ում՝ մոտ 40-50: Այդ գործողություններն, ըստ նախարարի, կախված են լինելու իրավիճակից:
Նա չհամաձայնեց պատգամավոր Արման Բաբաջանյանի այն դիտարկմանը, որ շուտով մարդիկ տանը մահանալու են՝ առանց բուժօգնության: Ա.Թորոսյանի խոսքով՝ իրավիճակը գնահատվում է ամենօրյա ռեժիմով, և կայացվում են որոշումներ:
Անդրադառնալով կորոնավիրուսի երկրորդ ալիքին՝ վարչապետ Փաշինյանը նշեց, որ երկրորդ ալիքը հենց սա է, երբ դեպքերի նվազումից հետո ունենում ենք դեպքերի այսպիսի աճ, և, ըստ նրա, պետք է ամեն ինչ անել՝ վերահսկելու այդ երկրորդ ալիքը: Նա կրկին քաղաքացիներին անհատական պատասխանատվություն ցուցաբերելու կոչ արեց: