Երևանում գրեթե ամեն օր կարելի է հանդիպել մեկնարկող շինարարության՝ տուն, շենք, հասարակական և արտադրական շինություններ: Մեծ ու փոքր մասշտաբի շինարարության հանդիպելիս քաղաքացու մեջ ծագող առաջին հարցն է՝ օրինակա՞ն է արդյոք, թե՞ ոչ՝ տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի պաշտոնական էջը։
Մինչև հիմա քաղաքացիներն այդ մասին կարող էին իմանալ միայն Երևանի քաղաքապետարան ահազանգելով կամ հարցումներ ուղղելով: Այժմ քաղաքում իրականացվող շինարարությունների մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի է առցանց: Երևանի քաղաքապետարանը գործարկել է շինթույլտվությունների առցանց քարտեզը:
«Երբ քաղաքապետին զեկուցում էինք «թեժ գծերով» ստացված հարցերը, հասկացանք, որ կա խնդիր, որ քաղաքացիները երբեմն տեսնելով շինարարություն՝ չունեն հնարավորություն պարզելու՝ դա օրինակա՞ն է, թե՞ ոչ: Բացը գիտակցելով՝ մի քանի ամիս շարունակ աշխատանքներ տարանք, և ստեղծվեց այս հարթակը»,- ընդգծում է Երևանի քաղաքապետի տեղակալ Սերգեյ Հարությունյանը:
«Գործիքը բավական ճկուն է ստեղծված: Ընտրում ենք որևէ վարչական շրջան, այնուհետ հնարավորություն ունենք ընտրելու նպատակային նշանակությունը, օրինակ՝ «Բնակելի շինություններ», որից հետո կարող ենք ընտրել շինության կոնկրետ տեսակը, ասենք՝ բազմաֆունկցիոնալ բնակելի շենք: Համակարգում կա հնարավորություն նաև ընտրել շինությունն ըստ հասցեի կամ կառուցապատողի»,- մանրամասնում է «Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոն» ՓԲԸ տնօրեն Սարգիս Մանուկյանը
Հարթակ մուտք գործելն ու տեղեկատվության ճշգրտումը քաղաքացիներից կխլի մի քանի վայրկյան: Գործիքից օգտվելը հեշտ է և հասանելի:
Այստեղ կգտնեք տեղեկատվություն կառուցապատողի, շինության տեսակի մասին, ինչպես նաև թույլտվության տրամադրման ամսաթիվը, համարը, և թե երբ է նախատեսվում ավարտել այն: Կից կտեսնեք նաև լուսանկարներ, թե ինչպիսի տեսք է ունենալու շինությունը:
Քաղաքում տրված յուրաքանչյուր նոր թույլտվություն նախ թվայնացվում, ներբեռնվում է քաղաքաշինական փաստաթղթերի հաշվառման բազայում, որից հետո հայտնվում է նաև քարտեզին: Տեղեկատվությունը թարմացվում է ամեն օր:
Այժմ կայքում հասանելի են ավելի քան 4500 շինթույլտվության տվյալներ:
Քաղաքապետարանը քաղաքում սկսվող և ընթացող շինարարությունների վերաբերյալ բազմաթիվ նամակներ էր ստանում նաև լրատվամիջոցներից: Հարթակի ստեղծումը կթեթևացնի նաև նրանց աշխատանքը:
«Շինարարության օրինականությունը ստուգելու համար անհրաժեշտ էր քաղաքապետարան գրավոր հարցում ուղարկել, և առնվազն 5 օր կարող էինք կորցնել: Գործիքի ստեղծումն իրենով դրական քայլ է, բացի դրանց՝ այն հնարավորթություն է տալիս տեղորոշել շինարարության տեղանքը»,- ասում է հետաքննող լրագրող Տիրայր Մուրադյանը:
Շինթույլտվությունների առցանց հարթակը ոչ միայն տեղեկատվության աղբյուր է, այլև ապօրինի շինարարության կանխարգելման յուրօրինակ գործիք:
«Ինձ համար ՏՏ կիրառումը կառավարման ոլորտում շատ կարևոր է: Մենք հաճախ ահազանգեր ենք ունենում քաղաքացիներից, երբ, օրինակ, իրենց բակում ինչ-որ շինարարություն է իրականացվում, և մտածում են, որ ապօրինի է: Սա միջոց է, որ քաղաքացիները հենց հեռախոսով միանգամից բացեն հավելվածը և տեսնեն՝ կա՞ թույլտվություն, թե՞ ոչ:
Կատեգորիաներն էլ շատ բազմազան են՝ սկսած պարսպից մինչև բազմաբնակարն շենք: Մեկ այլ հարց է, որ սա թափանցիկության համար շատ կարևոր գործիք է: Կարող ենք առցանց հետևել, թե քաղաքապետարանը որտեղ ինչ շինթույլտվություն է տվել, և ընդհանուր վերահսկողություն իրականացվի»,- նշում է Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Գայանե Վարդանյանը:
«Այս պլատֆորմը համալրեց մեր «Open data» գործիքների շարքը, ինչը համահունչ է «Խելացի քաղաք» հայեցակարգի դրույթներին: Դրանք բաց տվյալներ են, որի միջոցով, օրինակ, ներդրողները հնարավորություն կունենան կանխատեսել, թե որ ոլորտի շինարարությունն է նախատեսվում այս կամ այն վարչական շրջանում»,- ասում է Սարգիս Մանուկյանը:
«Տևական ժամանակ աշխատանքներ են տարվում ավելի քան 160 ծառայության թվայնացման և էլեկտրոնային դարձնելու ուղղությամբ»,- ընդգծում է փոխքաղաքապետ Սերգեյ Հարությունյանը:
Երևանի քաղաքապետարանի թիմը, չնայած արտակարգ դրության պայմաններին, շարունակում է աշխատանքը՝ մտածելով նոր լուծումներ, որոնք ժամանակին համընթաց կկրճատեն քաղաքապետարանի հետ քաղաքացիների հարցումների ժամանակն ու կբարձրացնեն իրազեկման մակարդակը: