Հարկադիր կատարման ծառայությունից տեղեկացնում են, որ Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության ղեկավար կազմի մասնակցությամբ աշխատանքային երկօրյա այց է կատարել Ծառայության Սյունիքի մարզային բաժին՝ տեղում ծանոթանալու բաժնի առկա խնդիրներին և աշխատանքի կազմակերպմանը:
Մինչ հանդիպում-խորհրդակցությունը Սերգեյ Մեղրյանը, տեղակալներ Լևոն Բալյանը, Արամ Կարախանյանը, գլխավոր քարտուղարի պաշտոնակատար Գագիկ Միրիջանյանը Սյունիքի մարզային բաժնի պետ, արդարադատության փոխգնդապետ Արթուր Մարտիրոսյաի ուղեկցությամբ նախ շրջայց են կատարել Սիսիանի բաժանմունքում, ծանոթացել շենքային պայմաններին, ապա Կապանում մասնակցել Սյունիքի մարզային բաժնի վերանորոգված շենքի բացման արարողությանը։
Մարզային բաժնի աշխատակիցների հետ հանդիպում-խորհրդակցության ժամանակ Սերգեյ Մեղրյանը հատկապես կարևորել է Ծառայության գործունեության արդյունավետության ապահովմանն ու բարձրացմանն ուղղված համալիր բարեփոխումների իրականացումը, ինչպես նաև ընդգծել հասարակության հետ շփումներում հարկադիր կատարողի ունեցած առանցքային դերն օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակն իրակացնելիս։
Ցուցում է տրվել առանձնահատուկ ուշադրություն դարձնել քաղաքացիների ընդունելության ժամանակ հանրային առողջության պահպանման նպատակով Պարետի կողմից սահմանված կանոնների խիստ պահպանմանը։ Քաղաքացիների սպասարկումն առավել հարմար և անվտանգ կազմակերպելու նպատակով առաջարկվել է Ծառայության մարզային բաժնի և բաժանմունքների վարչական շենքերում հատկացնել առանձին տարածք։
Սյունիքի մարզային բաժնի պետը Գլխավոր հարկադիր կատարողին է ներկայացրել Ծառայության մարզային բաժնի աշխատանքի կազմակերպմանը և տարբեր կատարողական վարույթների իրականացմանն առնչվող հիմնական խնդիրները։
Հանդիպում-քննարկման ժամանակ Սերգեյ Մեղրյանը լսել է նաև աշխատակիցների դիտարկումներն ու առաջարկությունները: Քննարկվել են ընթացիկ այլ հարցեր։
Աշխատանքային խորհրդակցության ավարտին Գլխավոր հարկադիր կատարողը բաժնի աշխատակիցներին տվել է համապատասխան հանձնարարականներ: