Հունիսի 1-ին բրիտանական կողմի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի տեսազանգը ՄԹ Եվրոպական հարևանության և Ամերիկայի հարցերով մշտական քարտուղար Ուենդի Մորթնի հետ:
Նախարար Մնացականյանը շնորհավորել է Ուենդի Մորթնին պատասխանատու պաշտոնում նշանակվելու կապակցությամբ՝ մաղթելով հաջողություն իր կարևոր առաքելության մեջ:
Երկուստեք պատրաստակամություն է հայտնվել գործնական քայլեր ձեռնարկել հայ-բրիտանական հարաբերություններին նոր լիցք հաղորդելու և երկկողմ համագործակցությունն առավել խորացնելու ուղղությամբ, այդ թվում՝ տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության ակտիվացման, առևտրատնտեսական կապերի աշխուժացման, մարդկանց միջև շփումների խթանման միջոցով:
Զոհրաբ Մնացականյանը և Ուենդի Մորթնը մտքեր են փոխանակել նոր տիպի կորոնավիրուսի հետևանքով առաջացած մարտահրավերների և դրանց հասցեագրման ուղղությամբ ինչպես գլոբալ, այնպես ազգային մակարդակներով ձեռնարկվող քայլերի շուրջ: Միաժամանակ նախարար Մնացականյանը վերահաստատել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը՝ առաջ ընթանալու նախաձեռնված լայնամասշտաբ բարեփոխումներով՝ ուղղված ժողովրդավարության, մարդու իրավունքների պաշտպանության և իրավունքի գերակայության առավել ամրապնդմանը:
Տեսազանգի ընթացքում անդրադարձ է կատարվել միջազգային և տարածաշրջանային օրակարգին առնչվող մի շարք հարցերի: Նախարար Մնացականյանը զրուցակցին է ներկայացրել Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործընթացում Հայաստանի սկզբունքային դիրքորոշումն ու մոտեցումները: