«Մարտի 1»-ի գործի հետ կապված կան մի շարք անպատասխան հարցեր: Այդ մասին խորհրդարանում գլխավոր դատախազության 2019-ի հաղորդման քննարկմանն ասաց անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը:
Նա նշեց, որ մինչ օրս դատախազությունը պատշաճ հետևողականություն չի ցուցաբերել «Մարտի 1»-ի գործով տարբեր վճիռներով, տարբեր պատժաչափերով դատապարտված քաղաքական գործիչների արդարացումների մասով: Խոսքն ըստ նրա՝ ինչպես առանձին գործերի, այնպես էլ հայտնի «7»-ի գործի մասին է:
«Իհարկե, եղել են «Մարտի 1»-ի գործով անցնող մի քանի անձանց արդարացումներ, բայց տասնյակ քաղաքացիներ դեռ սպասում են իրենց արդարացումներին, ինչը չի արվում նաև դատախազության մեղքով կամ անգործության պատճառով»,- նշեց Ա.Բաբաջանյանը:
Նրա խոսքով՝ մտահոգիչ է նաև «Մարտի 1»-ի գործի ներկայիս ընթացքը և գործի հետ կապված մի քանի կարևոր դերակատարների փախուստը Հայաստանից: Պատգամավորը թվարկեց՝ Միքայել Հարությունյան, Գևորգ Կոստանյան, Վահագն Հարությունյան: «Այսպիսով, պետք է արձանագրել, որ «Մարտի 1»-ի գործով դատախազությունը ցուցաբերել է անգործություն, ինչի պատճառով մենք զգալի առաջընթաց չունենք այդ գործում»,- ասաց Ա.Բաբաջանյանը: