Խորհրդարանն այսօր 83 կողմ, 16 դեմ ձայնով առաջին ընթերցմամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցությանպատգամավոր Վահագն Հովակիմյանի ներկայացրած «Հանրաքվեի մասին» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագիծը:
«Լուսավոր Հայաստան» խմբակցությունը չմասնակցեց քվեարկությանը, ԲՀԿ-ն՝ դեմ քվեարկեց:
Վարման կարգով ելույթ ունեցավ ԲՀԿ-ական Նաիրա Զոհրաբյանը և նշեց, որ խորհրդարանը կողմ քվեարկեց հակասահմանադրական օրենքի: «Սահմանադրության 208-րդ հոդվածում հանրաքվեի մասով միայն մեկ դրույթ կա՝ հանրաքվեն հետաձգելու, հանրաքվեն չեղարկելու դրույթ չկա, նույն տրամաբանությամբ ԱԺ-ն կարող է քվեարկել և չեղարկել, օրինակ, հունիս ամիսը, կամ, ասենք, Նոր տարին»,- ասաց պատգամվորը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն արձագանքեց, որ սպասում է Զոհրաբյանի հեղինակած նախագծին:
«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցն արձագանքեց, որ բոլոր օրենքները պետք է միտված լինեն ծառայելու ՀՀ քաղաքացուն և նրանց անհատական ու հանրային անվտանգությանը: Ըստ Մակունցի, այս նախագիծը նրա մասին է, որ համավարակով պայմանավորված՝ հնարավոր չէր պարզապես անցկացնել հանրաքվե և վտանգել քաղաքացիների կյանքը, հետևաբար անհրաժեշտություն է առաջացել չեղարկել հնարաքվեն: «Եթե մեր ընդդիմության մտավախությունն այն է, որ այս օրենքից հետո մենք գործող ՍԴ-ն համապատասխանեցնելու ենք 2015 թվականի Սահամանդրությանը, ապա պետք է ասեմ, որ այո, մենք դա անելու ենք»,- շեշտեց Լիլիթ Մակունցը:
ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը տեղեկացրեց, որ Պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովն առաջարկել է հարցը երկրորդ ընթերցմամբ քննարկել հատուկ ընթացակարգով: Այսինքն՝ երկրորդ ընթերցումը կազմակերպել առաջին ընթերցմամբ ընդունելուց հետո 24 ժամվա ընթացքում: