«Ինչպես արդեն հայտնել եմ՝ մեր ընտանիքը վարակված է կորոնավիրուսով, բոլորիս թեստի պատասխանը դրական է»,- այդ մասին պարետատան նիստից հետո տեղի ունեցած ճեպազրույցի ընթացքում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը;
«Ամենայն հավանականությամբ, ես եմ վարակվել և վարակել նրանց: Կարծում եմ՝ համաճարակային կանոնների խախտում եմ թույլ տվել, սակայն հորդորում եմ չհետևել իմ օրինակին: Մեր ընտանիքից որևէ մեկը ախտանշաններ չի ունեցել, և վարակը բացահայտվել է, քանի որ ես թեստ եմ հանձնել Արցախ նախատեսված այցից առաջ»,- նշեց նա:
Վարչապետի խոսքով՝ մեզ շրջապատող բոլոր մարդկանց պետք է համարել կորոնավիրուսի աղբյուր: «Կրկին կոչ եմ անում պահել համաճարակային կանոնները: Իմ ընտանիքը մեկուսացած է վարչապետի կեցավայրում, չունենք ախտանշաններ, ջերմություն չունեմ՝ 36.5 է»,- ասաց նա:
Փաշինյանը տեղեկացրեց, որ պարետատան այսօրվա նիստը հեռավար է վարել, վաղվանից ավելի շատ կինտեգրվի աշխատանքին:
Նա հայտնեց, որ ոստիկանության և տեսչական մարմինների գործունեությունը ցույց է տալիս, որ մեր երկրում դեռևս ոչ բոլորն են պահպանում պարետատան պահանջները: Արձանագրվել է 1332 խախտում, կասեցվել է 134 օբյեկտի գործունեություն: Վարչապետն ասաց, որ ստուգայցերը շարունակվելու են:
Փաշինյանը տեղեկացրեց նաև, որ այսօրվա նիստում քննարկվել է դիմակների կրման խստացման հնարավորությունը: