ՀՀ առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի համատարած ստուգայցերը շարունակվում են։ Դրանք այսօր ընթացել են են միաժամանակ Երեւանի երեք վարչական շրջանում՝ Էրեբունիում, Շենգավիթում եւ Նոր Նորքի զանգվածներում։ Ուշադրության կենտրոնում են թե մայրաքաղաքի կենտրոնը, թե ծայրամասերը։ Իսկ ԱԱՏՄ տարածքային ստորաբաժանումները շարունակում են դիտարկումները նաեւ մարզերում։
Մշտադիտարկումների ընթացքում տնտեսվարողների զգալի մասի մոտ արձանագրվում են Կորոնավիրուսի (Covid19) հետագա տարածումը կանխելու նպատակով ՀՀ պարետի հաստատած կանոնների խախտումներ։ Հանրային առողջապահական շահի տեսանկյունից կարեւորագույն նշանակություն ունի այս կանոններից յուրաքանչյուրի պահպանումը, իսկ դրանց համակցված խախտումների դեպքում ՀՀ պարետի կողմից կայացվում է գործունեության 24-ժամյա կասեցման որոշում։
Տնտեսվարողների կողմից անվտանգության կանոնների խախտումները հիմնականում նույնն են՝ աշխատողները չեն կրում կամ պատշաճ կերպով չեն կրում անհատական պաշտպանության միջոցներ՝ դիմակ, ձեռնոց, բացակայում են ախտահանման միջոցները կամ չեն համապատասխանում սահմանված նորմերին, արտաքին շփման մակերեսներն ախտահանվում են թերություններով։ Որոշ խախտումներ առնչվում են ջերմաչափմանը և դրա գրանցամատյանի վարմանը, օգտագործված դիմակների և ձեռնոցների համար ոտնակով (փակվող) աղբամանների և արտաքին արտահագուստի համար առանձին հանդերձապահարանների առկա չլինելուն և այլն։
Միաժամանակ, ԱԱՏՄ դիտարկումներն արձանագրել են, որ տնտեսվարողներն արդեն առավել խստորեն են պահպանում հաճախորդների՝ առանց դիմակի եւ ձեռնոցի մուտք չգործելու պահանջը։ Նկատվել է նաեւ, որ քաղաքացիները ներկայում զգալիորեն ավելի բարեխղճորեն են դիմակ կրում։