ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը անդրադառնալով Լանզարոտեի՝ «Սեռական շահագործումից երեխաների պաշտպանության մասին» կոնվենցիային, հայտարարեց, թե այն ըստ էության մանկապղծության դեմ պայքարի համար է:
«Դրա 50 հոդվածներից 49-ը որևէ առնչություն չունի կրթության հետ և նախատեսված է խստացնելու պայքարը մանկապիղծների դեմ և պաշտպանելու մեր երեխաներին մանկապղծությունից: Հարց է առաջանում, թե ինչու նախորդ իշխանությունները 2010-ին միանալով կոնվենցիային, տասը տարի շարունակ չէին վավերացնում այն, մի պարզ պատճառով՝ իրենց շրջանակներում ունեցել են նաև մարդիկ, որոնք դատվել են դրա համար, զբաղվել են մանկապղծությամբ, որոշակի քաղաքական դրդապատճառներով չէին անդրադառնում այս հարցին»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ կոնվենցիայի ընդամենը մեկ հոդված է վերաբերում կրթությանը:
«Սեռական դաստիարակության հետ կապված, նոր դասագրքերի հետ կապված, նոր ծրագրերի հետ կապված բոլոր պնդումները սուտ են:
Այս հոդվածը կոչ է անում, որ մենք ընդհանուր բնույթի տեղեկություններ տանք մեր երեխաներին, որ իրենք կարողանան ճանաչել բռնությունը և կարողանան պաշտպանվել»,- պարզաբանեց նա՝ ընթերցելով հոդվածը:
«Հոդված 6. Երեխաների կրթությունը
Յուրաքանչյուր Կողմ ձեռնարկում է անհրաժեշտ օրենսդրական կամ այլ միջոցներ՝ ապահովելու համար, որ երեխաները տարրական եւ միջնակարգ կրթության ընթացքում ստանան սեռական շահագործման ու սեռական բնույթի բռնությունների հետ կապված վտանգների, ինչպես նաեւ ինքնապաշտպանության միջոցների մասին տեղեկություններ, որոնք հարմարեցված են նրանց զարգացող կարողություններին:
Ծնողների հետ համագործակցությամբ տրամադրված այդ տեղեկությունները պետք է անհրաժեշտության դեպքում տրվեն սեռական բնույթի հարցերի վերաբերյալ տեղեկությունների առավել լայն համատեքստում, եւ պետք է հատուկ ուշադրություն դարձվի վտանգավոր, հատկապես նոր տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների օգտագործում ներառող իրավիճակներին»:
Հիշեցնենք՝ Ազգային ժողովը մայիսի 11-ին 79 կողմ, 14 դեմ ձայներով վավերացրեց «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան, որը Հայաստանը ստորագրել է դեռ 2010 թվականին: