ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները՝ ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների, ճանապարհային ոստիկանության ծառայության աշխատակիցների հետ համատեղ, 2020 թվականի մայիսի 18-28-ն ընկած ժամանակահատվածում մշտադիտարկում և վերահսկողություն են իրականացրել հանրապետության բոլոր մարզերում՝ ՀՀ պարետի մայիսի 14-ի թիվ 74 որոշման պահանջների կատարումն ապահովելու նպատակով:
Նշված ժամանակահատվածում Տեսչական մարմնի Արարատի, Արմավիրի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Կոտայքի, Շիրակի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի, Սյունիքի տարածքային ստորաբաժանումների տրանսպորտի անվտանգության մասնագետները ակտիվ մշտադիտարկումներ և վերահսկողական գործառույթներ են իրականացրել մարզի տարբեր քաղաքներում, համայնքներում՝ հանրային տրանսպորտի և մարդատար տաքսի ավտոմոբիլների՝ անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ:
Կատարված վերահսկողության արդյունքում բազմաթիվ մարդատար տաքսի ավտոմոբիլների և կանոնավոր երթուղիներում ներգրավված տրանսպորտային միջոցների նկատմամբ ՃՈ-ի կողմից կազմվել են իրավախախտման վերաբերյալ համապատասխան արձանագրություններ: Այդ ընթացքում հինգ տասնյակից ավելի տրանսպորտային միջոցների վարորդների տրվել են պարտադիր կատարման ցուցումներ՝ տեղում հայտնաբերված թերությունները և խնդիրները շտկելու համար:
Տրանսպորտային միջոցների վարորդների հետ տարվել են իրազեկման և բացատրական աշխատանքներ, նրանց տրվել են ուղեցույցներ՝ անվտանգության կանոնները և նորմերը պահպանելու համար:
Նշենք, որ Տեսչական մարմնի տարածքային ստորաբաժանման մասնագետների կողմից ամենօրյա վերահսկողությունը կրում է շարունակական և խիստ բնույթ: