Երևանի թիվ 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը պարետատան ճեպազրույցի ժամանակ տեղեկացրեց, որ իրենց կողմից ստացիոնար բուժման պայմաններում հսկողության տակ է կորոնավիրուսով վարակված 50 պացիենտ:
«Վերջին շրջանում բնակչության մոտ նկատվում է վարակի ծանր դեպքերի աճ: Երբեմն ընտանիքներով են դիմում պոլիկլինիկա: Եթե մի ժամանակ ընտանիքի անդամներից մեկի կամ երկուսի մոտ էր հաստատվում վարակը, ապա այժմ մեզ դիմում է վարակի ախտանիշներով վեց անձ, և վեցի մոտ էլ կորոնավիրուսը հաստատվում է,- տեղեկացրեց նա՝ հավելելով,- մեր հիմնական գործառույթը եղել է ջերմող և վերին շնչառական ախտանիշներով հիվանդների մոտ վարակի ախտանիշների հայտնաբերումը, վիճակի գնահատումը և նմուշառումներ իրականացնելը: Քանի որ վարակի դեպքերն աճեցին, ապրիլի 20-ից Երևանի քաղաքապետարանի և ՀՀ առողջապահության նախարարության համատեղ ուժերով ստեղծվեցին շրջիկ բրիգադներ, որոնք նմուշառումները կատարում են տնային պայմաններում: Պատասխանը ստանալուց հետո մենք ևս մեկ անգամ կատարում ենք հիվանդի վիճակի գնահատում, և, ըստ նախարարի հրամանի, վարակի թեթև դեպքերը հսկում են մեր պոլիկլինիկայի տեղամասային թերապևտները կամ մանկաբույժները»:
Դուրգարյանի խոսքով՝ հիվանդանոց են տեղափոխվում այն վարակակիրները, որոնք քրոնիկական հիվանդություններ ունեն, 60 տարեկանից բարձր են, տանում են նաև թոքաբորբ:
Դուրգարյանը բնակչությանը հորդորեց հետևել պարետի սահմանած անվտանգության բոլոր միջոցառումներին, մտածել ոչ միայն սեփական անձի, այլև հարազատների մասին: