Կարանտինից հրաժարված Շվեդիան մահացության ցուցանիշով մեկ շնչի հաշվով առաջինն է աշխարհում: Այս երկրում վերջին մեկ շաբաթում մեկ միլիոն բնակչության հաշվով արձանագրված մահացության մեկօրյա ցուցանիշը կազմում է 5.59: Այս մասին տեղեկացնում է Daily Mail պարբերականը: Այս ցուցանիշը 11 անգամ ավելի է աշխարհում մեկ միլիոն բնակչության հաշվով մեկ օրում գրանցված միջինը 0.49 ցուցանիշից:
Վերջին 7 օրում Բրազիլիայի ցուցանիշը եղել է 4.51, Սան Մարինոյինը՝ 4.21, Պերուինը՝ 4.12 և Մեծ Բրիտանիայինը՝ 3.78:
Միաժամանակ հայտնի է դարձել, որ Նորվեգիան ու Դանիան բացում են սահմանները, սակայն ոչ՝ սկանդինավյան հարևան Շվեդիայի համար:
Դանիայի վարչապետը հայտարարել է, որ իր երկիրը հունիսի 15-ից սահմանները կվերաբացի Գերմանիայի, Նորվեգիայի, Իսլանդիայի քաղաքացիների համար: Սակայն Շվեդիայի համար փակ կլինեն սահմանները, քանի որ այդ երկրում մահացության ցուցանիշը չափազանց բարձր է: